Ոստիկաններն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել լրագրողի նկատմամբ․ «Մեդիա պաշտպան» (տեսանյութ)

Այսօր ոստիկանները խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին բռնի ուժով բերման էին ենթարկում կառավարության մասնաշենքերի մոտակայքից։ Բերման ենթարկելու ընթացքում ոստիկաններն ակնհայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեցին մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ։

Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկելիս հրեցին լրագրող Արամ Ներսիսյանին, և գցեցին գետնին։ Սա անընդունելի երևույթ է․ որևէ ոստիկան կամ ուժային կառույցի ներկայացուցիչ իրավունք չունի մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների նկատմամբ ցուցաբերել  նման անհարգալից վերաբերմունք։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը քանիցս նշել է, որ ոստիկաններն ակցիաների ժամանակ կամ փորձում են բերման ենթարկել լրագրողներին և օպերատորներին, կամ վնասում են նրանց գույքը։ Նմանօրինակ վարքագիծը ամոթալի է ուժային կառույցների համար, և նման դեպքերը վայրկյան առաջ պետք է դադարեցվեն։ Կոչ ենք անում ոսիկանության համապատասխան ստորաբաժանմանը ծառայողական քննություն սկսել այս դեպքով։