Քաղավիացիայի կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշենք, որ ավելի վաղ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս չպարզված հանգամանքներում, Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում:

Թեմային անդրադարձել է նաև վարչապետի՝ ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ Նա նշել է, որ Տալլինից թռած ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Երևանում, բայց «տեխնիկական անսարքության հետևանքով» հայտնվել է Թեհրանում։