Ռուսաստանն օգնում է Հայաստանին՝ արդիականացնել իր զինված ուժերը. ՌԴ դեսպան

«Ներկայումս ինտենսիվ շփումներ են ընթանում ՀՀ-ի ու ՌԴ-ի պաշտպանության նախարարությունների միջև»,- այսօր ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ընդլայնման հետ կապված հարցին:

Հարցին, թե Ռուսաստանը պատրաստակա՞մ է աջակցել Հայաստանին՝  բանակի արդիականացման հարցում, դեսպանը պատասխանեց. «Նա արդեն դա անում է»:

Պատերազմից հետո հայկական կողմի հետ կոորդինացիան դեսպանը գնահատեց  «սերտ և ինտենսիվ»։

Ռազմագերիների վերադարձի հետ կապված դեսպանն ասաց, որ այդ աշխատանքը մշտապես տարվում է՝ այդ թվում Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ։

«Գիտեք, պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն գերիների նոր խմբի վերադարձի մասին։ Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ ամենն արագ արվեր՝ բոլորը բոլորի դիմաց։ Այն հեշտ չէ, բայց աշխատանքը գնում է, վստահեցնում եմ»,-ասաց դեսպանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հարցի կարգավորման շուրջ քննարկումների մեկնարկի հետ կապված՝ դեսպանը նշեց, որ այն ընթանում է, համանախագահները միմյանց հետ կապի մեջ են, պարբերաբար շփումներ են անցկացնում, հնարավոր է նաև տարածաշրջան այցելեն։

«Գործընթացը չէր դադարել»,-ասաց Կոպիրկինը։