Հատուկ գործողություն Թբիլիսիում. ձերբակալվել է Սահակաշվիլու կուսակցության նախագահը

Այսօր` փետրվարի 23-ին Թբիլիսիում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է երկրի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան: Այս մասին տեղեկացնում է Sputnik-Georgia-ն:

Այս րոպեներին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հիմնած կուսակցության բոլոր շենքերում հատուկ նշանակության ջոկատները գործողություններ են իրականացնում: Ընդդիմության համակիրները հավաքվում են տեղում, իրավիճակը լարված է:

«Մենք շարունակում ենք պայքարել»,-ասել է ընդդիմադիր գործիչ Խատիա Դեկանոիձեն՝ պնդելով, որ իշխանությունները հարձակման ժամանակ արցունքաբեր գազ են օգտագործել, ինչը փոքր սենյակի համար անընդունելի է:

«Պայքարը չի ավարտվում ձերբակալությամբ, այն միայն սկսվում է… ինչ էլ որ անեն մեզ հետ, մենք պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը… Փառք Աստծո, որ բոլորը փրկվել են»,-ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդը Գիգի Ուգուլավան:

Ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան ներգրավված է 2019 թվականի հունիսի 20-ին անկարգությունների կազմակերպման գործում: Մելիան հրաժարվել է վճարել վերանշանակված գրավը: Դատախազությունը պահանջել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել: Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը: