ԲԴԽ արժանապատիվ որոշման պահը. Արման Պետրոսյան

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում քննարկելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի դիմումը, որով դատավորը խնդրում է անհապաղ դադարեցնել ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները։ Տիկին Պետրոսյանը համարում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ անդամ չէ, քանզի նա ընտրվել է օրենքի խախտմամբ։

Ավելի վաղ նման տեսակետ հայտնել էր նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ով հղում անելով Սահմանադրությանն ու Դատական օրենսգրքին գտնում էր, որ 65 տարեկան Գագիկ Ջհանգիրյանը չի կարող ընտրվել ԲԴԽ անդամ։ Դեռևս ԲԴԽ անդամի ընտրության ժամանակ նա համոզմունք էր հայտնել, որ Ազգային ժողովը, ըստ Դատական օրենսգրքի, չի կարող ԲԴԽ անդամ ընտրել մեկին, որն ունի դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Հասարակության լայն շրջանակները շատ լավ գիտակցում են, որ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշումը քաղաքական նպատակներ է հետապնդել։ Այլապես բանակի բարքերի համար ուղիղ պատասխանատվություն կրող երկար տարիների զինդատախազը, Մատաղիսի աղմկահարույց գործի քննության պատասխանատու զինդատախազը իմքայլականների կողմից չէր ընտրվի ԲԴԽ անդամ։

Մինչ Ջհանգիրյանի ընտրությունը  տևական ժամանակ եղան հրապարակումներ, թե «վնգստացող դատավորների» մասին հայտնի արտահայտությունից հետո ԲԴԽ նախագահի ու իշխանության հարաբերությունները լարվել են։ Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների խափանման միջոցի հարցի քննության նախօրեին Ռուբեն Վարդազարյանի արած հայտարարությունը, առանձին դատավորների արժանապատիվ որոշումը՝ չենթարկվել իշխանությունների կամայականություններին և ընդդիմադիրների նկատմամբ կալանքի միջնորդությունները չբավարարելը, ազդակ դարձան, որպեսզի Փաշինյանը ԲԴԽ-ն համալրի յուրայիններով, ովքեր կաջակցեն իրեն դատական համակարգը «բուռը հավաքել»։ Ըստ որոշ հրապարակումների Ջհանգիրյանը հենց նման խոստում էր տվել Փաշինյանին։ Պատահական չէր, որ  ԱԺ-ում նա անդրադարձ կատարեց հատկապես առաձին ծանր քրեական գործերով կալանքի միջնորդությունները դատարանի կողմից մերժելուն, համարելով դա անթույլատրելի։ Որպես առավել հեղինակավոր իրավաբան գիտնական հանդես եկողը կա՛մ այդ պահին մոռացել էր, որ մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցի հետ առհասարակ առնչություն չունի, կա՛մ ուզում էր անպայման  հաճոյանալ Նիկոլին։

ԲԴԽ անդամ դառնալուց հետո Գագիկ Ջհանգիրյանը պարապ չի մնում, նա սկսել է դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթացը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ, արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված Վճռաբեկ դատարանի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաև մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին ահազանգում է նաև դատավոր Կարինե Պետրոսյանը։

Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում, քաղաքական որոշում էր, որը հակասում էր և կոպտորեն խախտում Դատական օրենսգրքի սահմանադրական հոդվածի 80-րդ հոդվածի 9-րդ մասը։ Դատավոր Կարինե Պետրոսյանը արդարացիորեն կարծում է, որ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը լեգիտիմ չէ, և օր առաջ պետք է նրա լիազորությունները դադարեն։ Եվ քանի որ այդ պարտավորությունը դրված է ԲԴԽ նախագահի վրա, թերևս պայմանավորված նաև այն հանգամանքով, որ վերջնական իրավական կարգավորում չկա՝ արդյոք այդ հարցը պիտի քննարկվի՞ ԲԴԽ-ում, թե՞ ոչ, Դատական օրենսգրքի 168-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետք է անհապաղ հայտարարություն տարածվի Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունների դադարման վերաբերյալ։

Ի վերջո, ԲԴԽ-ում պետք է դրսևորեն բարձր պրոֆեսիոնալիզմ և արժանապատվություն, զերծ մնան քաղաքական ճնշումներից և ազդեցություններից, և ապացուցեն, որ առաջնորդվում են բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, խորհրդի հեղինակության մասին մտահոգությամբ։

ԲԴԽ փակ քննարկման արդյունքում ինչպիսի որոշում էլ կայացվի, որոշումը վիճարկելու հնարավորությունները սպառված չեն. պարզապես ԲԴԽ անդամները պետք է գիտակցեն, որ իրենց գործողություններով չպետք է կասկածի տակ դնեն սահմանադրական մարմնի առաքելությունն ու հեղինակությունը։

Արման Պետրոսյան

«Իմ Ձայնը» նախագիծ