Գարնանն այստեղ պատերազմը կարող է վերսկսվել, եթե կարողանան Ռուսաստանը ներքաշել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ. 2

Դավադիր նախագծի նպատակը…

 

Սկիզբը` այստեղ

 

Հատկապես ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենի «ընտրվելուց» հետո գնալով Ոուսաստանի հետ հարաբերություններն առավել սրելու ճանապարհով, Ուկրաինան փետրվարի 17-ին հայտնել է «ժամանակավորապես բռնազավթված» Ղրիմի թերակզի ջրամատակարարումն առավելագույնս բացառելու համար ամբարտակի կառուցումն ավարտին հասցնելու անհրաժեշտության մասին: Կիևը մտադիր է այդ ճանապարհով անհնար դարձնել Դնեպրի ջրերի մատակարարումը թերակղզի:

Դեռ ավելի վաղ, ԱՄՆ-ի 2020թ. նոյեմբերի 3-ի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի ընտրվելուց գրեթե անմիջապես հետո Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Նատալյա Նիկոնորովան, ANNA-NEWS տելեգրամյան ալիքի տեղեկացմամբ,  հայտարարել է, որ Դոնբասի շփման գծում իրավիճակը սրվել է, հրադադարի խախտումները դարձել են ավելի հաճախակի, կիրառվում է Մինսկի համաձայնագրերով արգելված սպառազինություն, Դոնբասի զինծառայողների շրջանում կան զոհեր:

Ընդամենը 2 օր առաջ «Rambler.ru»-ն տեղեկացրեց Արտաքին հարաբերությունների ամերիկյան խորհրդի և Կանխարգելիչ գործողությունների կենտրոնի կանխատեսման մասին: Նախ նշենք, որ այդ կանխատեսման հիմք հանդիսացող վերլուծության արդյունքներն արտացոլում են միջազգային հարաբերությունների և անվտանգության ոլորտի մեծ թվով ամերիկացի փորձագետների տեսակետները: Նրանց շրջանում կատարված հարցումն, առաջին հերթին, ներառում է այն հակամարտությունները, որոնք կարող են հանգեցնել Միացյալ Նահանգների կողմից իր ռազմական ներուժի օգտագործմանը երկրի տարածքից դուրս:

Վերլուծաբանները վերոնշյալի առումով դիտարկել են մոլորակի շուրջ 30 բախումներ ու դրանք բաժանել երեք խմբի՝ ըստ ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին սպառնացող վտանգի աստիճանի: «Կարմիր» խումբը պատերազմի կամ առճակատման առավելագույն հավանականություն ունեցող խումբն է, որը լուրջ վտանգ է ներկայացնում Վաշինգտոնի համար: «Նարնջագույն» խումբը ներառում է չափավոր ռիսկեր ներկայացնող հակամարտությունները, իսկ «դեղինը»՝ նվազագույն ռիսկեր ներկայացնող:

Փորձագետները կանխատեսել են ընթացիկ տարում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև ուղղակի ռազմական բախման հավանականություն, նրանց միջև պատերազմի հավանականությունը գնահատել են չափավոր (միջին), բայց միաժամանակ կանխատեսել  Դոնբասում 2021թ. ընթացքում հակամարտության ուժեղացում:

Ամերիկացի փորձագետների կարծիքով, Դոնբասում հակամարտության ուժեղացումը կսրի Մոսկվայի ու Կիևի հարաբերությունները, սակայն ԱՄՆ-ի համար այս գոտում սպառնալիքի մակարդակը չափավոր է, քանի որ Ուկրաինան, չնայած Վաշինգտոնի համար իր ռազմավարական նշանակությանը, ՆԱՏՕ-ի անդամ չէ: Այլ կերպ ասած, ԱՄՆ-ը, նրա դաշնակիցները, ՆԱՏՕ-ն զենքով, զինամթերքով, ռազմական տեխնիկայով, հետախուզական տեղեկություններով, ռազմական խորհրդատուներով, մասնագետներով կօգնեն Ուկրաինային Դոնբասի և Ռուսաստանի դեմ պատերազմում, բայց դրանում անմիջականորեն չեն ներգրավվի:

Հիմա, կարծում ենք, հասկանալի է, որ ամերիկյան «Սթրաթֆոր» հետախուզա-վերլուծական ընկերության պատրաստած, թուրքական պետական TRT 1 հեռուստաալիքի կողմից օրերս հրապարակված ու մինչև 2050թ. Թուրքիայի ազդեցության ոլորտի ընդլայնումը կանխատեսող քարտեզը հիմնված է Ռուսաստանի դեմ ու Ռուսաստանն առնվազն թուլացնելու նպատակ ունեցող դավադիր քայլերի վրա, որոնցից մեկն էլ Դոնբասում պատերազմը վերսկսելուց հետո Ռուսաստանի Ուկրաինայի միջև պատերազմ սադրելն է:

Միանգամայն հասկանալի է նաև, թե իրադարձությունների զարգացման վերոնշյալ հաջորդականությունն աչքի առաջ ունեցող Թուրքիայի ախորժակն ինչու է սրվել այն աստիճան, որ իր պետական TRT 1 հեռուստաալիքով օրերս ցուցադրել է «Սթրաթֆոր»-ի վերոնշյալ քարտեզը: Այն, ի դեպ, ցուցադրվել է մոտ ապագայում Թուրքիայի ազդեցության գոտու ընդլայնման վերաբերյալ համապատասխան մեկնաբանություններով:

Ընդգծենք, որ քանի դեռ Ռուսաստանը բավականաչափ չի թուլացել, խորամանկ ու հաշվենկատ Թուրքիան չի համարձակվի գնալ նրանից պատառ պոկելու քայլին, կսպասի… Ինչպես Արևմուտքը, այնպես էլ Թուրքիան կփորձեն կրակից շագանակներ հանել ուրիշի, տվյալ դեպքում` Ուկրաինայի միջոցով: Իսկ կհաջողվի՞ դա նրանց…

 

Արթուր Հովհաննիսյան

Շարունակելի