ԲՏԱՆ. Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. սկսվում է ծառայողական քննություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արձագանքել է քննադատություններին, որոնք վերաբերում են Աբու-Դաբիում DEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի դատարկ տաղավարին։

«DEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.

Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են  ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։