Ի՞նչ եք այդքան ուտում. Ժիրինովսկին գեր պաշտոնյաներին համարում է պետության համար ծախսատար

ՌԴ ԼԺԿ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկի առաջարկել է չափազանց գեր պաշտոնյաների նկատմամբ մորատորիում մտցնել:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» ռադիոյին տված հարցազրույցում քաղաքական գործիչն ասել է, որ Ռուսաստանում ճարպակալման խնդիրը պետք է լուծվի պաշտոնատար անձանց միջոցով: Նա կարծում է, որ պաշտոնյաները չպետք է ունենան 100 կգ-ից ավելի քաշ:

«Հասկանում եք, որ չափազանց գեր մարդը մեծ ծախս է պետության համար: Նրան պետք է բուժել, սննդակարգով սնել: Եվ այդ ընթացքում մարդիկ, որոնք իրենց լավ են զգում, պետությունից ավելի քիչ են ստանում: Դեռ 2014-ին ես ասացի. եկեք սահմանենք 80 կգ: Մենք նրանց չենք հեռացնի աշխատանքից, այլ կզգուշացնենք. պաշտոնյայի քաշը 100 կիլոգրամ պետք է լինի, ոչ ավելի: 120 կգ, 150 կգ. ա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ եք այդքան ուտում»,- ասել է Ժիրինովսկին:

Խոսելով իր մասին՝ Լիբերալ ժողովրդավարական ​​կուսակցության առաջնորդը պարզաբանեց, որ կշռել է 103 կգ, իսկ  հիմա 95կգ է:

Ժիրինովսկու նախաձեռնությունը սոցիալական ցանցերում արդեն մեմերի  է վերածվել: Օրինակ՝ հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր թելեգրամյան ալիքում գրել է. «Ոնց եմ ես համաձայն Վլադիմիր Վոլֆովիչի հետ: Հարցը պարզ է. կարո՞ղ ենք երկուսով փոխել երկիրը»: