Իշխանությունը կհրահրի՞ պլան Բ-ի իրականացումը (տեսանյութ)

«Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Նատալյա Սաղիյանը

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին և Արամ Սարգսյանին, երեկ դատարանի որոշմամբ Արա Սաղաթելյանը և Արամ Սարգսյանը կալանավորվել են, իսկ Մհեր Ավագյանն ազատ արձակվել։ Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Բեքարյանին ևս ազատ արձակելու որոշում կայացրեց։ Նրանք ձերբակալվել էին ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով։

Հաղորդման հյուրի բնորոշմամբ՝ իշխանությունները քաղաքական հետապնդումներ են սկսել ընդդիմադիր գործիչների նկատմամբ՝ տարբեր շինծու պատրվակներով՝ իրենց իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։

Ինչո՞ւ իշխանությունը հրաժարվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից և շտապեց հայտարարել, թե նման հասարակական պահանջ չկա, և ընդհանրապես ինչո՞ւ չեն ցանկանում նրանք հոժարակամ հրաժարական տալ, ի՞նչ մտավախություններ ունեն կամ գուցե դեռ չե՞ն ավարտել այն առաքելությունը, որի համար երեք տարի առաջ եկան իշխանության։

Հայրենիքի փրկության շարժման ժամանակավոր անցումային կառավարության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց իրենց ռազմավարության՝ պլան Ա և պլան Բ-ի մասին՝ ասելով, որ իշխանություններից ձերբազատվելու համար նախ պետք է ջարդել նրա հենարանները՝ ժողովրդի այն հատվածին, որը չի գիտակցում, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում և սպասում է՝ մինչև դժբախտությունը գա չոքի իր տան դեմ, ուժային կառույցներին, շահերից ելնելով՝ իրենց համոզում են, թե կատարում են պետական պարտավորություն, մինչդեռ  ծառայում են թուրք-ադրբեջանական իշխանություններին, Նիկոլ Փաշինյանի պատգամավորներին և բոլորի համար պետք է նահանջի տեղ թողնել։ Իրատեսակա՞ն է արդյոք ընդդիմության նախանշած ճանապարհը և ի վերջո ո՞ր պլանը ստիպված կլինեն օգտագործել։  Ըստ պլան Բ-ի՝ ցանկացած պահի՝ դա կլինի այսօր, կարող է լինել մեկ շաբաթ հետո կամ 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։

Մանրամասները՝ տեսանյութում