Հայաստանը, իր ստանձնած պարտականությունների համաձայն, կապահովի Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը. Վաղարշակ Հարությունյան

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային ուղու պաշտպանության ապահովմանը բանակի ներգրավվածության մասին հարցին:

«Նախևառաջ ցանկանում եմ նշել, որ «միջանցք» եզրույթի կիրառումը ճիշտ չէ, երբ խոսքն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության մասին է: Ադրբեջանի, Ռուսաստանի նախագաների և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ միջանցք է համարվում միայն Լաչինի ճանապարհը, որն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Մյուս բոլոր դեպքերում կարելի է խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- նշել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կապահովվի Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային միջանցքով անձնակազմի և բեռների տեղափոխման անվտանգությունը:

«Պատասխանելով հարցին՝ կարող եմ ասել, որ Հայաստանը, իր ստանձնած պարտականությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության հարցով պահանջների իրագործումը: Այդ գործում բանակի ներգրավվածության հարցը ներկա պահին օրակարգում չէ, իսկ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, դարձյալ եռակողմ հայտարարության համաձայն, իրականացվում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ մարմինների միջոցով»,- հավելել է Հարությունյանը: