Ռուսական ռազմաբազայի մի զորամիավորումը հնարավոր է տեղակայվի դեպի արևելք

Երևանն ու Մոսկվան դիտարկում են Գյումրու 102-րդ ռազմաբազայի մաս կազմող որոշակի զորամիավորումը Հայաստանի արևելքում վերատեղակայելու հավանականությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Ավելի ճիշտ կլինի խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ զորամիավորման՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ վերատեղակայման մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը), և այդ համատեքստում համատեղ համապատասխան քննարկումներ են տեղի ունենում»,- ասել է Հարությունյանը:

Բացի այդ, նրա խոսքով՝ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվում:

«Իրականում ռուս սահմանապահներին հավելյալ գործառույթներ են վերապահվում անվտանգության ապահովման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի պաշտպանության հարցով: Կասկած չունեմ, որ մեր պետությունների սահմանապահ ծառայությունների գծով  սերտ և արդյունավետ համագործակցություն է ծավալվում, ինչպես և այն հարցում, որ Հայաստանում գտնվող ռուս սահմանապահների ստանձնած առաջադրանքները կկատարվեն ամենաբարձր մակարդակով»,- նշել է պաշտպանության նախարարը:

Վերջինս հավելել է, որ մինչև Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանավահ վարչության անձնակազմը Հայաստանում պատասխատու է եղել երկրի տարածքով անցնող Անկախ պետությունների համագործակցության սահմանների պահպանման և անվտանգության ապահովման առաջադրանքների կատարման համար:

«Այսօր իրավիճակը զգալիորեն փոխվել է»,- ասել է նախարարը:

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականին ձեռք բերված միջազգային պայմանագրի համաձայն: 2010 թվականին փոփոխություններ են սահմանվել փաստաթղթում, որի համաձայն՝ ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց  երկարաձգվել է 49-ի՝ մինչև 2044 թվականը: