Երևանն ակնկալում է, որ ՌԴ հետ համատեղ ջանքերի շնորհիվ ԼՂ-ում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի. Վաղարշակ Հարությունյան

Երևանն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի«ՌԻԱ Նովոստի»ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա խոսքերով՝ հայկական կողմն այն կարծիքին է, որ առաջին հերթին Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը:

«Իհարկե, դեռ շատ անելիքներ կան մարտական պատրաստության վերականգնման և արդիականացման տեսանկյունից, բայց ինչ էլ որ լինի, դա պետք է արվի: Երկրորդ, Հայաստանը դեռ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, և մենք երբեք չենք հրաժարվի այս պատմական առաքելությունից: Եվ երրորդը, հավանաբար, ամենակարևորը  Ռուսաստանի ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ նախ հնարավոր եղավ հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ պարզապես կանխել մարդասիրական աղետը: Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ջանքերի շնորհիվ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն կապահովվի»,- ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել էր հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հունվարի 11-ին, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո, Ռուսաստանի նախագահը հայտարարել էր 3 երկրների փոխվարչապետերի ղեկավարած աշխատանքային խմբի ստեղծման մասին: Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի Ղարաբաղի զարգացման ծրագրերը մինչ մարտի 1-ը: