Որոշ կապիկներ վախենում են Արիկից շան պես և ճիշտ են անում

Արիկը մեր ընտանիքում ո´չ առաջին, ո´չ էլ հավանաբար վերջին քաղբանտարկյալն է։ Արիկի մորական պապը՝ տաղանդաշատ ճարտարագետ Աշոտ Մատինյանը, անցած դարի 30-ականների վերջերին հռչակվեց ազգի թշնամի, քանի որ ուսում էր ստացել Ֆրանսիայում, և կալանավորվեց։ Գուցե գնդակահարեին, բայց վրա հասավ պատերազմը, և պարզվեց, որ նահանջող ու կոտորվող բանակին անհրաժեշտ են պանտոնային կամուրջներ, իսկ դրանք նախագծելու և կառուցելու համար՝ Աշոտ պապը։ Պապուն արագ վերադարձրին բանակ, իսկ պատերազմի ավարտից հետո դարձրին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վերակառուցման պատասխանատու։ Իրականում Աշոտը քաղաքականությամբ առանձնապես չէր հետաքրքրվում, ի տարբերություն իր ավագ թոռան՝ Արիկի ավագ եղբոր և իմ լուսահոգի հոր՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի։ Պապան «Ազգային պետության» գաղափարախոսության հիմնական հեղինակներից մեկն էր այն պարագայում, երբ ազգային գաղափարախոսությունը երկրում որակվեց «կեղծ կատեգորիա»։ Այն ժամանակ, 90-ականների սկզբին, ինձանից փորձում էին թաքցնել հորս հանդեպ «իրավապահների» բռնաճնշումները, քանի որ մեղմ ասած ես աչքի չէի ընկնում ադեկվատ վարքագծով. այնուամենայնիվ որոշ հանգամանքներ ինձ հայտնի են։ Կարծում եմ` Արիկի մյուս պապը՝ գեներալ Մաթևոս Սաղաթելյանը, թարս սիլլա կտար այս բեսպրեդելը ծավալած և առայժմ ուսադիր կրողներին, իսկ Ֆելիքս Ձերժինսկին դագաղում կշրջվեր` տեսնելով, թե ինչի վերածեցին իր ստեղծած ЧК-ն։

Պետությունը շարունակում է արագ գլորվել անդունդ բոլոր ուղղություններով, և խայտառակ կապիտուլյացիային, Արցախի և մի ամբողջ սերնդի կորստին հաջորդելու է անդառնալի ներքին կոլապս։ Այն հնարավոր չի բեկանել, բայց տգետ խզբզանքները կարծում են, որ հնարավոր է ձգձգել սեփական անփառունակ վախճանը։ Հետևաբար, մենք դեռ տեսնելու ենք էժան շոուներ, որոնք իրականում միայն մոտեցնում են կոլապսի պահը։

Արիկը սիրում է շներին։ Շները՝ Արիկին։ Բայց որոշ կապիկներ վախենում են Արիկից շան պես և ճիշտ են անում։ Քանի որ նա կրողն է այն գենի, գաղափարների ու սկզբունքների, որոնք ոչ միայն խորթ են խզբզանք կապիտուլյանտներին, այլ նաև վտանգավոր ու կործանարար։ Մեղք ողորմինելիներ։ Աստված վկա, ընտրությունը միշտ ձերն էր։

Արման Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից