Սահմանամերձ Շինուհայրը չի ներառվել սահմանամերձ համայնքների ցանկում․ռուս խաղաղապահները գնացել են. համայնքապետ. Tert.am

Համայնքների խոշորացումից հետո էլ Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ համայնքները եղել են սահմանամերձ, սակայն կառավարության այս նոր ցանկով Շինուհայրը ներառված չէ և դեռևս պատճառը չեմ հասկանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Տաթև խոշորացված համայնքի (կենտրոնը Շինուհայր) ղեկավար Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը հրապարակեց սահմանամերձ գյուղերի ցանկը և Տաթև խոշորացված համայնքից միայն Խոտ գյուղն է դարձել սահմանամերձ, այնինչ Շինուհայրը նույնպես պետք է ընդգրկված լիներ:

«Ինձ թվում է՝ շփոթմունք է եղել, և Շինուհայրը նույնպես կներառեն: Ես այսպես հասկացա, որ Սյունիքի սահմաններն ընդգծելուց հետո են գյուղերը ներառել, իսկ Շինուհայրում կա համայնքային օգտագործման տարածք, որտեղ կարելի է ասել սահմանազատումը դեռևս չի ավարտվել: Այսօրվա դրությամբ Տաթև խոշորացված համայնքից միայն Խոտը և Շինուհայրն են հարում ադրբեջանական մասին»,- ասել է համայնքապետը:

Նրա խոսքով՝ Խոտ գյուղի և Որոտանի սահմանազատումն իրականացվում է Որոտանի ՀԷԿ-ով, իսկ Շինուհայրը սահմանազատվում է ձորով:

«Այս պահին վտանգ կա ոչ միայն այս երկու գյուղում, այլև ամբողջ Սյունիքում: Պետք է զգույշ լինել: Օրինակ՝ Շինուհայրում չօգտագործվող համայնքային տարածք կա, և հնարավոր է, որ դա հանձնվի Ադրբեջանին, բայց այգիներն այս պահին անվտանգ են, չի ընդգրկվելու: Քարտեզը դեռևս հստակեցված չէ, այս տարածքում սահմանազատումը դեռևս շարունակվում է և ես չգիտեմ որտեղ է ավարտվելու: Միայն կարող եմ ասել, որ համայնքային հողեր են ընգրկվում, որոնք հնարավոր է հանձնեն»,- ասել է համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Կառավարության որոշմամբ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն, ինչ է դա իրենից ներկայացնում, համայնքապետն ասել է, որ մինչև պատերազմը, որպես սահմանամերձ համայնքներ Խոտի և Շինուհայրի բնակիչները օգտվում էին 50 տոկոս զեղչից՝ կադաստրային վճարումներն անելու համար, իսկ թե այսուհետեւ ինչ կլինի, համայնքի ղեկավարը դժվարացավ պատասխանել:

«Խոտ գյուղում էլ Որոտան ՀԷԿ-ի համար փոքր ջրամբար կար և դրա մոտակայքում ռուս խաղաղապահներ էին տեղակայվել, հիմա 10 օր է՝ իրենք էլ են գնացել, չեմ կարող ասել նորից այդտեղ կդիրքավորվեն, թե ոչ, բայց Զինված ուժերից հրամանատարներ են եկել, Շինուհայրի հիվանդանոցը նայել են և որոշ վերափոխումներից հետո հիվանդանոցում գունդ կտեղակայվի: Հիվանդանոցի շենքի մի մասը կգործի իբրև հիվանդանոց, մի մասը կտրվի զինվորականներին: Գուցե նախարարությունում դեմ լինեն, շենքի մասով, բայց դիտարկել են նաև ռետինե կոշիկի գործարանի շենքը, որը սակայն բարվոք չէր, և նախընտրեցին հիվանդանոցի շենքը»,- ասել է համայնքի ղեկավարը:

Դիտարկմանը, թե ինչու են խաղաղապահները հեռացել, Մուրադ Սիմոնյանը պատմել է, որ իրենք՝ գյուղացիները, 3 տեղ խրամատ են փորել, պաշտպանական կառույց են պատրաստել, սակայն իրենց աշխատանքը կանգնեցրել են ու ասել, որ սխալ է:

«Երեք տեղ սարքեցինք, վերջում բրիգադի հրամանատարներն ասացին՝ դուք պիտի գնաք տուն, զինվորականները կգան: Մենք մեր տարած տեխնիկան հավաքեցինք հետ եկանք, ու մնացին զինվորականները: Հիմա էլ խաղաղապահներն են գնացել ու փոխարենը գյուղում գունդ կտեղակայվի»,- ասել է Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է Խնձորեսկին, որը չի ներառվել սահմանամերձ գյուղերի ցանկում,  համայնքի ղեկավարը նկատել է, որ դա աբսուրդ է: «Մարդկանց սեփականաշնորհած հողերը սահմանակից են դառնում, բայց ես չեմ կարող մեկնաբանել, ես Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն եմ»,- ասել է Մուրադ Սիմոնյանը։