Հայաստանի և Ադրբեջանի միջև Պուտինի հաջող միջնորդությունից հետո Արևմուտքը տագնապեց. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքին անհրաժեշտ է ուկրաինական ռեժիմ՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու և ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ որոնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուկրաինական ռեժիմը նրանց պետք է միայն մի բանի համար՝ Ռուսաստանին անընդհատ նյարդայնացնելու, ռուսատյաց քաղաքականության նոր պատճառներ փնտրելու: Նրանք ցանկանում են ամեն կերպ թուլացնել այն ամենը, ինչ կա մեր շուրջը՝ Բելառուսը, Կենտրոնական Ասիան և այժմ Անդրկովկասը, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդության հաջող առաքելությունից հետո հանկարծ նրանք բոլորը տագնապեցին՝ այդ ինչպես էր հնարավոր առանց իրենց: Այժմ նրանք փորձում են թափանցել այս տարածաշրջան և մեծացնել իրենց ակտիվությունն այդտեղ»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳՆ-ը նաև հայտնել է, որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները «չեն ցանկանում, պատրաստ չեն և չգիտեն, թե ինչպես պետք է խոսեն հավասարության հիմքի վրա: Լինի դա Ռուսաստանը, Չինաստանը կամ որևէ այլ երկիր»: