Հովհաննես Թումանյանի տնային կոշիկը (մուճակ)

Արտիստի աչք ունեցող, գեղեցիկի մեծ սիրահար Հովհաննես Թումանյանը տիրապետում էր կիրթ հագնվելու նուրբ արվեստին… Թե՛ արվեստում և թե՛ կյանքում  մեծ գեղագետը առաջնային տեղ էր տալիս ճաշակին՝ ասելով. «Ճաշակը կյանքի բույրն է»…

Քայլելով ժամանակի նորաձևությանը համահունչ` Թումանյանը, այնուամենայնիվ,  կարևորում էր ինքնուրույն և ինքնատիպ ոճ կերտելու շնորհը (ունակությունը): Սիրելով պարզն ու գեղեցիկը՝ նախընտրում էր հագուստի անգլիական ոճը. գրական հավաքույթներին ու հանդեսներին ներկայանում էր դասական գույների և ձևերի գրագետ համադրությամբ՝ սև կոստյումով և սպիտակ օձիքով: Այն առավելագույնս ներդաշնակվում էր նրա սլացիկ կազմվածքին ու զգայուն ներաշխարհին: Ուստի պատահական չէ, որ բանաստեղծն իր ազնվական կեցվածքով ու արտաքինով անծանոթ մարդկանց վրա հաճախ թողնում էր օտարերկրացու տպավորություն, մասնավորապես՝ անգլիացու:

Հակումներով՝ արևելցի, իսկ կենցաղում եվրոպացի բանաստեղծ-գեղագետը տանն էլ   կրում էր արևելյան ոճի երկարափեշ խալաթ` «եվրոպական տուֆլիներ»-ով. դրանք այսօր էլ տարիների հեռվից շարունակում են գրավել մեր ուշադրությունը:

Ուսումնասիրության ենթակա վերոնշյալ տնային կոշիկը, կամ այլ կերպ ասած մուճակը, ոչ միայն լրացնում էր Թումանյանի ամենօրյա արիստոկրատ կերպարը, այլև ժամանակ առ ժամանակ վերածվում էր բեմական կոշիկի. այն հայտնվում էր Թիֆլիսի հայոց դրամատիկական թատրոնի հայ դերասանների ոտքերին` շեքսպիրյան Համլետի դերակատարման ժամանակ, ինչպես օրինակ՝ Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանի:

Աչքի ընկնող այս տնային կոշիկը գործարանային արտադրանքի է և ներկայացնում է նավակի ձև ունեցող կոշիկի տիպը (լոդոչկա):

Դեռևս 18-րդ դարում կոշիկի այս տեսակը պատրաստվել է բացառապես սև լաքապատ հորթի կաշվից և առանձնացել իր  կրունկով ու արծաթե ճարմանդով:

Այն կազմել է Արևմտյան Եվրոպայի ազնվական նորաձևության կարևոր բաղկացուցիչ մասը՝ ծառայելով միմիայն որպես տնային կոշիկ: 

Աղբյուրը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան