ԶԼՄ-ներին առնչվող հայտնի նախագծում «անանուն աղբյուրը» կփոխարինվի «չնույնականացված աղբյուր» եզրույթով

ՀՀ ազգային ժողով են հրավիրվել ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ, քննարկվել են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից՝ նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշել է դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:

Ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաև ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները և սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:

Պատգամավորները պնդել են, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում և ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» եզրույթը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» եզրույթով: Նրանք ընդգծել են, որ նախագծում չի  լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:

ՄԻՊ-ը նաև նշել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն և կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության:

ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները կշարունակվեն. նախատեսվում են նաև հանրային լսումներ: