Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով. ԼՂ մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման անվտանգությունը Լաչինի միջանցքով»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ:

Ռուսական խաղաղապահ զորակազմի՝ դիտակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմերի հետ դասընթացներ և վարժանքներ են անցկացվում՝ խախտումների, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակման կանխման նպատակով: Բոլոր դիտակետերը համալրված են հավելյալ պաշտպանիչ կառույցներով՝ նախատեսված հրազենից և բեկորներից զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: