Սյունիքում միայն իրավիճակային լուծումներ են տրված՝ ոչ բավարար․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը հոդված է գրել, որում անդրադառնում է Սյունիքում այսօր տիրող իրավիճակին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․

2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ծավալված ռազմական գործողությունները Հայաստանին ստիպում են ամբողջությամբ վերանայելու անվտանգության համակարգի ռազմավարությունը։

Պետք է արձանագրենք, որ պատերազմի տարածքային կորուստների առաջ բերած սպառնալիքները միայն Արցախով չեն սահմանափակվում, դրանք կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով նոր վտանգներ են պարունակում Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի համար։

Սակայն այս երեք մարզերը անվտանգային առումով ունեն առանձնահատկություններ։ Սյունիքում վտանգներն ընդգծված են, որովհետև նոր իրադրությամբ պայմանավորված, մարզում ենթակառուցվածքների մի մասը կա՛մ հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, կա՛մ դրա անմիջական հարևանությամբ։

Խոսքս միայն մայրուղուն կամ որոշ բնակավայրերին չի վերաբերում։ էներգետիկ համակարգ, ուղևորափոխադրումներ, գյուղատնտեսություն և այլն, շարքը շարունակելի է։

Որպես կանոն Սյունիքում առկա իրավիճակը գնահատելիս մամուլում անընդհատ շրջանառվում է Շուռնուխ գյուղի մոտ մեկ տասնյակ առանձնատան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը, Կապանի օդանավակայանի մերձակա հատվածներում ադրբեջանական դիրքերի տեղակայումը, Կապանի որոշ գյուղերի հատվածում հնչող կրակոցները կամ այդ կողմ տանող ճանապարհի որոշ հատվածների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը։

Այնուամենայնիվ կարծում եմ, որ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն իր ողջ խորությամբ դեռևս ուսումնասիրված չէ․ խնդիրներ, որոնք ուրվագծվում են ամենատարբեր ժամանակային կտրվածքով։

Մեկ օրինակ բերեմ․ այդքան աղմուկ հանած Շուռնուխ գյուղի դեպքում, բնակավայրի տարածքում տեղակայվել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, գյուղում հերթապահություն են տանում ՌԴ ՍԾ ուժերը, իսկ օրինակ՝ Շուռնուխ գյուղ չհասած ու գյուղից դեպի Կապան մայրուղու 2 հատվածում, մայրուղուց մոտ 50 մետրի վրա տեղակայված են ադրբեջանական դիտակետեր, իսկ ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող վերակարգեր չկան՝ հայկական կամ ռուսական։

Ճանապարհի մի մեծ հատված, շատ մոտ է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, որտեղ այս պահին դիտարկում ենք միայն ադրբեջանական հենակետների տեղակայումը, սակայն դրանք պետք է վերլուծել շատ ավելի լայն համատեքստում։

Մեր շարժերը՝ ռազմական մատակարարումների, ՊՆ, ԱԱԾ, ոստիկանության, պաշտոնատար անձանց անցուդարձի կտրվածքով, Ադրբեջանի դիտարկման տիրույթում են։ Գորիս-Որոտան հատվածում տեղակայված ադրբեջանական ուղեկալի վրա էլ դիտարկման համակարգեր են դրված, որոնք վերահսկում են մայրուղու անցուդարձը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն Ադրբեջանի հետ փակ բնույթի պայմանավորվածություններ ունի՝ վերջերս դրանից մեկը հրապարակվեց, իսկ ավելի ուշ ՀՀ փոխվարչապետը ստիպված եղավ խոստովանել, որ կան պայմանավորվածություններ, սակայն դրանց հրապարակումը գաղտնիության խնդիր է առաջացնում, դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե էլ ինչ նոր անակնկալներ են սպասվում։

Դեռ պարզ չէ, թե ինչպես է Սյունիքի անվտանգությունը սահմանագծի տարբեր ուղղություններով ապահովվելու, որովհետև եթե երաշխիքը Ադրբեջանի հետ պայմանավորվածություններն են, ապա դրանք նախ ժամկետ ունեն, որոնք կարող են որոշ ժամանակ հետո չգործել, երկրորդ, Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը առոչինչ է, երբ գիտես, թե իրականում ինչ են քո մասին մտածում Ադրբեջանում և ինչ նոր խնդիրներ են իրենց օրակարգում պահում Ադրբեջանն ու Թուրքիան։

Սահմանային անվտանգության ապահովում ասելով նկատի չունեմ զուտ դիրքեր տեղակայելը կամ մայրուղում պարեկային ծառայություն իրականացնելը, դրանք միայն կարճաժամկետ խնդիրներ են լուծում, իսկ լուրջ սպառնալիքների դեպքում դրանք բավարար պաշտպանություն չեն ապահովելու։

Սյունիքի աշխարհագրական դիրքը, ռելիեֆը մի կողմից հնարավորություն է ամուր անվտանգային համակարգ կառուցելու համար, մյուս կողմից, սահմանափակում է մեր ճկունությունն ու ենթակառուցվածքային այլընտրանքի հնարավորությունը։

Խնդիրն այն է, որ ինչ էլ այս պահին արված է սահմանային անվտանգության ապահովման համար խիստ իրավիճակային է։ Միայն ուղեկալների կամ մարտական դիրքերի ապահովումը դեռևս անվտանգության ապահովում կամ երաշխիք չէ։ Անվտանգություն ասվածը պետք է հասկանալ ճիշտ դիրքավորումից տեխնիկական վերազինում, անհրաժեշտ ուժերի ձևավորումից արդյունավետ ծառայության իրականացում, նոր ենթակառուցվածքներից խնդիրների ճշգրտում։

Ի վերջո, պետք է սահմանել, թե իրավիճակային փոփոխությունների դեպքում՝ պահպանությունից պաշտպանություն ինչպես, ինչ ուժերով, ինչ աջակցությամբ պետք է անցնել, իսկ հակահարձակման կամ հարձակման պարագայում, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող, բայց մեզ համար ծանոթ տեղանքում ինչ զսպման, կանխարգելման խնդիր պետք է լուծել։

Սյունիքում այս պահի դրությամբ միայն իրավիճակային լուծումներ են տրված, այն էլ՝ ոչ բավարար։ Սյունիքում կառավարությունը չի ձևակերպել իր խնդիրները, որոնք առաջ են եկել պատերազմական գործողություններից հետո և տպավորություն կա, որ կառավարությունը կամ խորապես չի տիրապետում նոր սպառնալիքներին կամ ուղղակի ի զորու չէ լուրջ գործընթաց սկսել։