Արցախում ոստիկան է ձերբակալվել

Արցախում քրեական գործ է հարուցվել և ոստիկան է ձերբակալվել քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:

«Սույն թվականի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից 2021 թվականի փետրվարի 13-ին Հանրապետության գլխավոր դատախազություն է ներկայացվել դիմումատուի բողոքը՝ հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները՝ բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու համար: Ներկայացված հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 2021 թվականի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որոնցից մեկը ձերբակալվել է»,- մանրամասնում են Արցախի գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ Արցախի հանրապետության դատախազությունը և ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ են վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում՝ պատշաճ միջոցներ ձեռնարկել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: