Եթե Երևանից Դաղստան 1050 կմ-ից 870 կմ-ն անցնում է Ադրբեջանով, երկաթուղու սակագներն ո՞վ է որոշելու. Միքայել Մելքումյան

Պատերազմի հանգամանքները քննող պարիտետային հանձնաժողով կարող է ստեղծվել միայն իշխանափոխությունից հետո. այն իշխանությունը, որը պետք է ինքն իրեն քննի, դա չի կարող լինել վստահություն ներշնչող: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Դիտարկմանը, թե արդյոք այդ ժամանակ արդեն հնացած չե՞ն լինի շատ իրադարձություններ, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ իշխանափոխության գործընթացն ուշանալու է, որովհետև մենք կորցնում ենք հայրենիք: Հաշտվել հայրենիք կորցնելու մտքի հետ, անընկալելի է»:

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը՝ պատգամավորն ասաց. «Եթե Երևանից Դաղստան ընկած 1050 կմ երկարությամբ ճանապարհից 870 կմ-ն անցնում է Ադրբեջանով, երկաթուղու սակագնային քաղաքականությունն ո՞նց է որոշվելու: Այսինքն եթե այդ 1050-ի մեջ 870 կմ-ն իրենն է, ո՞ւմ է ձեռք տալու, որ բեռը տեղափոխի: Իսկ բեռների ապահովագրությունն ի՞նչ է նստելու, ո՞վ է իր վրա վերցնելու»:

Նա նկատեց, որ թշնամին հարձակվում է երկու դեպքում, նախ, երբ համոված է, որ դիմացինը ամենաթույլ վիճակում է, երկրորդ, երբ համոզված է, որ ինքը հաղթելու է: