Հունաստանում ԱՄՆ դեսպանը կոչ է արել նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից

Վաշինգտոնն աջակցելու է էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:

«Ես գիտեմ, որ նախագահ (Ջո) Բայդենը մտադիր է էլ ավելի խորացնել ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի և Հունաստանի միջև:

Մենք մեր համագործակցության համար մի քանի հիմքեր ունենք էներգետիկայի բնագավառում»,-ասել է նա՝ հանդես գալով «Աթենքի էներգետիկական երկխոսություններ» համաժողովի ընթացքում: Նրա հայտարարությունները հրապարակել է դեսպանության մամուլի ծառայությունը:

«Մենք շատ անգամ ենք խոսել այն մասին, թե որքան կարևոր է դարձել Հունաստանի դերը որպես Հարավ-արևելյան Եվրոպայում էներգետիկական դիվերսիֆիկացիայի շարժիչ ուժի: Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ նույնիսկ համավարակի այս տարում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են՝ TAP խողովակաշարը (Անդրադրիատիկական գազատար), Բուլղարիայի հետ IGB խողովակաշարը, Ալեքսանդրուպոլիսի վերագազիֆիկացման լողացող կայանքը, Հունաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջև գազամիակցիչը, առաջ են շարժվում: Եվ դրանք փոխում են Եվրոպայի էներգետիկ քարտեզը և օգնում նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից»,-նշել է Փայեթը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վերադարձել է Կլիմայի փարիզյան համաձայնագրին և «ֆանտաստիկ հեռանկարներ» է տեսնում Էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում Հունաստանի և ԱՄՆ-ի միջև ավելի խորը համագործակցության համար: Դեսպանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի էներգետիկայի նոր նախարարը հստակ հասկանալ է տվել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցություն ցուցաբերել հեղուկացված բնական գազի արտահանման գործում: