Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ Գլխավոր դատախազություն

Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ 2020 թ․ մայիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

ՀՀ ՔԿ նշված մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարաված և 16.02.2007 թվականին տեղի ունեցած մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական սահմանների հարավային հատվածում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրի հիման վրա ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր ընկերության՝ ամսեկան 50000 դրամ /տարեկան 600․000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա  ընկերությունն, հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016 թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց նշված հողատարածքը ոչ իր գործառնական նշանակությամբ՝ որպես կապի օբյեկտի հող, բջջային կայանի տեղակայման նպատակով օգտագործվելու մասին, օրենսդրությամբ նախատեսված՝ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու կամ վերացնելու իր լիազորությունն իրացնելու, մասնավորապես՝ համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009 թվականի ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայանագիր, որի համաձայն վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանվել է ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում՝ 2008 թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021 թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7․350․000 ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3․657․500 ՀՀ դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3․692․500 ՀՀ դրամ:

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար  քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: