Զոհված և գերեվարված հայրենակիցների քանակը Ադրբեջանը մեզանից ավելի լավ գիտի․ կարող ենք եզրահանգել, որ այն գաղտնի պահվում է սեփական ժողովրդից․ Արա Զոհրաբյան

Իշխանության այս գործելակերպին անպայման լինելու է իրավական գնահատական, թե ինչ, ժամանակը ցույց կտա: Այս մասին ասել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իշխանության գործելաոճին, երբ տեղեկություն չտրամադրելու համար նշվում է, թե դա պետական գաղտնիք է, գրում է Tert.am-ը։

Արա Զոհրաբյանը նշեց, որ պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

«Այս սահմանումից, ինչպես նաև նույնիսկ պատերազմի ժամանակ իշխանության կողմից զոհվածների քանակը հրապարակելու վարքագծից պարզ է դառնում, որ այդ տեղեկությունները պետական գաղտնիք չեն կարող հանդիսանալ: Հակառակ դեպքում, պատերազմի ժամանակ այդպիսի տեղեկություններ հայտնելը պետք է համարվեր պետական գաղտնիքի հրապարակում, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված է քրեական պատիժ: Բացի այդ, մեր զոհված և գերեվարված հայրենակիցների քանակը Ադրբեջանը մեզանից ավելի լավ է տիրապետում, հետևաբար կարող ենք եզրահանգել, որ այդ գաղտնիք պահվում է սեփական ժողովրդից, որը որևէ արդարացում չունի»,–ասաց նա։