Դարձ ի շրջանս յուր․ ինչո՞ւ է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը. 168.am

168.am-ը գրում է. «Արցախյան երկրորդ պատերազմում մեր կրած կորուստներն անդառնալի են՝ 5000-ից ավելի զոհեր, տասնյակ հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, կորսված շուրջ 10 հազար քառակուսի մետր տարածք՝ Արցախի 75 տոկոսը, և գոնե այս պահին տեսանելի հեռանկարի բացակայություն։ Բոլոր այս նյութական, շոշափելի կորուստների հետ մեկտեղ ու դրան զուգահեռ, իսկ գուցե՝ դրանից առաջ, վերջին պատերազմում մենք կորցրել ենք նաև Հայաստանի պետության ու պետականության գաղափարական, արժեքաբանական գլխավոր հիմքը, առանցքը։ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման ու կայացման հիմքում ընկած է եղել Լեռնային Ղարաբաղը, որն այս կամ այն դրսևորմամբ արտահայտվել է նորանկախ Հայաստանի բոլոր նախորդ երեք իշխանությունների գործունեության մեջ։

Այո, հանուն արդարության պետք է նշել, որ այդպիսի հիմք լինելով՝ Արցախի հարցը նաև հաճախ շահարկվել է, դարձել է իշխանության պահպանման կամ փոփոխության պատճառ։ Բայց բոլոր վայրիվերումներով հանդերձ, անցած շուրջ երեսուն տարիներին հենց Արցախն ու Արցախի հարցն է եղել այն գաղափարական, փիլիսոփայական առանցքը, որի վրա խարսխվել է հայկական պետությունն ու պետականությունը։

Այդ ընթացքը խախտվեց 2018 թվականին, երբ հրապարակ, իսկ հրապարակից՝ իշխանության եկան մարդիկ, որոնք որևէ աղերս ու օրգանական կապ չունեին ու չունեն Արցախի հետ, շատերն անգամ հանդես էին գալիս դրա դեմ։ Նաև այդ խախտված ընթացքը պատճառ դարձավ վերջին պատերազմում մեր խայտառակ պարտության ու կապիտուլյացիայի համար։ Հայաստանը մնաց առանց գաղափարական, արժեքաբանական առանցքի։ Եվ միանգամայն օրինաչափ է, որ այսօր Հայաստանի քաղաքական դիսկուրսը կրկին լցվել է Արցախի հարցով։ Դա ոչ այնքան քաղաքական օրակարգ է, որքան Հայաստանի պետության ու պետականության գաղափարական ջախջախված առանցքը վերականգնելու փորձ։

Ինչ-որ իմաստով հենց այս տիրույթում կարելի է և պետք է դիտարկել Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների հրապարակային խոսքը։ Կարելի է նրանց հայտարարությունների հետ չհամաձայնել, կարելի է քննադատել ու բանավիճել, բայց միևնույն է՝ նրանց քայլերը տեղավորվում են Հայաստանի ստեղծման ու կայացման կոտրված ողնաշարը վերականգնելու փորձերի տրամաբանության մեջ։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր կլինի նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, դիրքորոշումը, որովհետև նրա լռությունը շատերն ընկալում են՝ որպես Նիկոլ Փաշինյանի իրականացրած քայլերին թաքնված աջակցություն: Թեև Տեր-Պետրոսյանը և նրա թիմը հեղափոխության օրերին և մինչ պատերազմը, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում բացահայտ աջակցում էին Փաշինյանին և նրա կառավարությանը, սակայն պատերազմի ընթացքում և դրանից հետո Տեր-Պետրոսյանը որոշ հայտարարություններով՝ բավական խիստ ու միանշանակ դատապարտող գրառումներով  արտահայտվեց անձամբ Փաշինյանի ու նրա իրականացրած քայլերի վերաբերյալ։ Բայց դրանք, ըստ ամենայնի, բավարար չեն, և հանրային ընկալումների ու վերաբերմունքի տեսանկյունից Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ թե ալեգորիկ, այլ ուղիղ, հանգամանալից խոսքը կարող է չափազանց կարևոր ազդեցություն ունենալ՝ ամբողջացնելով Արցախի հարցը որպես հայկական պետականության առանցք վերականգնելու փորձերը, որոնք մինչ այս պահը դրսևորվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից։

2018 թվականի հեղափոխությունը շատերի մոտ տպավորություն ստեղծեց, թե անցյալում մնացին հին սերնդի քաղաքական գործիչները։ Բայց կյանքը ցույց տվեց, որ քանի դեռ լուծված չէ Հայաստանի ու հայկական պետականության ամենագլխավոր ու կենսական հարցը՝ Արցախի խնդիրը, դրա հետ կապ չունեցողները չեն կարող ապահովել պետության նորմալ կենսագործունեությունը։ Հիմա, ըստ էության, տեղի է ունենում «դարձ ի շրջանս յուր», և մենք հետ ենք գնում դեպի երեսնամյա անցյալ։

Դա, իհարկե, ցանկալի ու, առավել ևս, հաճելի չէ։ Բայց դա անխուսափելի է, եթե, իհարկե, մենք ցանկանում ենք լուծել Արցախի խնդիրն այնպես, որ այն կրկին դառնա մեր պետության ու պետականության գաղափարական առանցք և ոչ թե ցանկանում ենք ազատվել Արցախի խնդրից այնպես, ինչպես վարվում են գործող իշխանությունները։

Հայաստանին, այո՛, անհրաժեշտ են նոր գաղափարներ ու դրանք առաջ մղող նոր անհատներ։ Բայց լինել նոր՝ ամենևին չի նշանակում՝ ջնջել անցյալը, և անցյալի խնդիրները լուծելու փոխարեն՝ փորձել ուղղակի ազատվել դրանցից։ Հայաստանի քաղաքական կյանքում Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահների առկայությունը էական է՝ անկախ Հայաստանի կազմավորման ողնաշարը վերականգնելու տեսանկյունից, եթե անգամ նրանք անձնապես հավակնություններ չունենան, ինչպես երեկ հայտարարեց Սերժ Սարգսյանը։ Խնդիրը ոչ թե երեք նախագահների անձնական ներկայությունն է քաղաքական կյանքում, այլ նրանց դավանած, երբեմն՝ իրարամերժ, երբեմն՝ փոխհակասող, բայց այդուհանդերձ՝ գաղափարական մոտեցումների առկայությունը քաղաքական դիսկուրսում։ Դա կօգնի նաև չմոռանալ ու չուրանալ անցյալը, ինչպես վարվեց ու վարվում է Նիկոլ Փաշինյանն արդեն շուրջ երեք տարի»։