ՌԴ ԱԴԾ-ը ձերբակալել է ծայրահեղականների, որոնք ահաբեկչություններ էին պլանավորել Հյուսիսային Կովկասում

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) 19 իսլամիստ ծայրահեղականների է ձերբակալել չորս տարածաշրջաններում, որոնք դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ էին պլանավորել Հյուսիսային Կովկասում: Փետրվարի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հասարակական կապերի կենտրոնը (ՀԿԿ):

ԱԴԾ-ի աշխատակիցները ձերբակալվածների բնակության և ընդհատակյա հավաքների վայրերում առգրավել են ավելի քան 40 օրինակ ծայրահեղական նյութեր, իսկ Կարաչայ-Չերքեզիայում հայտնաբերել են թաքստոց՝ ՌՊԿ գնդացրով, ԱԿՄ ինքնաձիգով, փամփուշտներով և ինքնաշեն պայթուցիկ սարքերով՝ տրոտիլային համարժեքով ավելի քան 3 կիլոգրամ ընդհանուր զանգվածով, այդ թվում այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով: «Ձերբակալվածներին առաջադրվել են մեղադրանքներ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 282.2 հոդվածի 1, 1.1, 2 մասերով («Ծայրահեղական կազմակերպության կազմակերպում և մասնակցություն»): Ծայրահեղական կազմակերպության 10 կազմակերպիչների և ակտիվ մասնակիցների նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը»,- հայտնել են ԱԴԾ-ում: ՀԿԿ-ում նշել են, որ խոցման միջոցների կատարված փորձաքննությունների արդյունքներով պլանավորվում է լրացուցիչ որակել արմատականների գործողությունները: