Սերժ Սարգսյանի բացահայտումը տավուշյան մարտերի մասին

Մի բան է մարտունակ բանակ, մի բան է տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունեցող բանակ: Մենք հասկանո՞ւմ ենք, թե որն է տարածաշրջանը: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, թե մեր բանակը տարածաշրջանի որոշիչ ազդեցություն ոնեցող բանակն է:

Խոսելով Տավուշի մարտերի մասին՝ Սարգսյանն ասաց, որ չի թերագնահատում երրորդ բանակային կորպուսի կատարածը, բայց այդ աշխատանքը վերցնել, դարձնել փիառ, փորձել սահմանային միջադեպից կերտել Սարդարապատ, իսկ իրական Սարդարապատի ժամանակ հիմարություն անելու իմաստը որն էր. «Բոլորի համար պարզ էր, որ դա վերջին կետն էր, որից հետո սկսում է հաշվարկը, թե քանի օրից կլինեն ռազմական գործողությունները:

Ես անցած տարի օգոստոսին հայտարարեցի, որ պատերազմը շատ մոտ էր: Ինչո՞ւ նման բան արվեց»,-ասաց նա:

Արդյո՞ք հայկական կողմը սադրեց պատերազմը. «Այստեղ երկու մեծ խնդիր կա: Նախ պետք է խոսել այն մասին, թե ինչու չի կարելի խաբել դաշնակցին: Երբ դու նախաձեռնում ես դիրքային բարելավում, այնուհետև այդ կոնֆլիկտը մի քիչ մեծանում է, հետո սկսում ես գոռալ, որ Ադրբեջանը հարձակվեց, դու պաշտպանվում ես, պետք է հասկանաս, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, արդեն գիտեն, թե ով է հրահրել: Ինչո՞ւ ես խաբում, ո՞ւմ ես փորձում խաբել: Ախր վստահությունն այդպիսի դեպքում հասնում է զրոյի»: