Բաց նամակ «Արմենպրես» լրատվական գործակալությանը

Հարգելի «Արմենպրես» լրատվական գործակալություն,

Համաձայն փետրվարի 12-ի ձեր հրապարակման՝ ի պատասխան ձեր հարցմանը, առողջապահության նախարարությունը պարզաբանել է Ազգային ժողովում քննարկված «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախագծերը։

Սակայն այդ պարզաբանումներում տեղ են գտել բազում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ, որոնց «Հակահամաճարակային ալյանս նախաձեռնության» մասնագետները ստորև կանդրադառնան մեկ առ մեկ։

ԱՆ ԿԵՂԾԻՔ N1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը միտված է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն, գործող 1997թ-ին ընդունված օրենքը արդի մոտեցումներին համապատասխանեցնելուն:

ՀԵՐՔՈՒՄ N1. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները արդեն իսկ պաշտպանված են գործող օրենքով (հոդվածներ 12,13,14,15), իսկ նախագիծը որևէ առչնություն չունի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը, առկա օրենսդրական բացերը լրացնելուն: ՀՀ օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության կողմից ընդունված և արդեն իսկ իրագործված, ՁԻԱՀ-ի կենտրոնի ապօրինի վերակազմավորման (փաստացի լիկվիդացման) նշված օրենքին հակասող որոշման ու գործողությունների պոստֆակտում լեգիտիմացումն է: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը այլևս չի գործում, որպես առանձին կառույց, կամ նույնիսկ այլ կառույցի մեջ, մինչդեռ օրենքը դեռևս ուժի մեջ է, ապա օրենքի նախագծի առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության, փորձում էր ընդամենը վերացնել Օրենքին հակառակ ընդունված որոշման իրավական խոչընդոտը: Փորձ էր արվում գործառութային բնույթի մի շարք դրույթների միջոցով, որոնց ամրագրումն օրենքում անիմաստ է, առաջին անգամ ՀՀ որևէ օրենքում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը, նաև առանց ծնողի իմացության հետազոտության պատասխանի տրամադրման տարիքային շեմը 16-ից իջեցնել 14:

ԱՆ ԿԵՂԾԻՔ N2. Նախագծում 14 տարեկանների թեստավորման վերաբերյալ որևէ փոփոխություն ներառված չէ, սույն կարգավորումը վաղուց ամրագրված է գործող օրենքում:

ՀԵՐՔՈՒՄ N2. Ներկայացված նախագծում հնարավորություն է տրվում 14 տարեկանից բարձր տարիքի երեխաներին ստանալ հետազոտության արդյունքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք համարվող տվյալները բժշկական կազմակերպության բժշկի կողմից։ Այսինքն, առաջարկվող նախագծում խոսքը վերաբերում է ոչ թե հետազոտություն անցնելու հնարավորության, այլ պատասխանը ստանալու մասին, որն էականորեն տարբերվում է առաջինից։ Դեռևս վերջնականապես չձևավորված հոգեկերտվածքով 16 տարեկանից ցածր տարիքի դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ ինքնասպանությունը, նաև առկա է դեռահասի մոտ ախտորոշումը թաքցնելու և բուժումից խուսափելու վտանգ, ախտորոշման կարևորության և դրա հետ կապված առանձնահատկությունների թերի ընկալում, ինչը կարող է բերել վարակի տարածման առումով սեռական վարքագծի վտանգավոր դրսևորումների: Բացի այդ, հետազոտության պատասխան ստանալը ինքնանպատակ չէ, այլ ենթադրում է ախտորոշման դեպքում բուժման տրամադրում, որը ցմահ գործընթաց է: Բժշկական օգնության և սպասարկման օրենքով 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը: Այսպիսով, միևնույնն է, 16 տարին չլրացած ՄԻԱՎ վարակով երեխան առանց օրինական ներկայացուցչի չի կարող բուժում ստանալ:

ԱՆ ԿԵՂԾԻՔ N3. Քրեական պատասխանատվության շրջանակներում ամրագրված կետերը խոչընդոտ են ՄԻԱՎ-ի նկատմամբ թեստավորում անցնելու, կարգավիճակի բացահայտման, համապատասխան բժշկական օգնության դիմելու համար:

ՀԵՐՔՈՒՄ N3․ Թեստավորման նպատակով բժշկի դիմում են այն անձինք, ովքեր դեռևս չգիտեն իրենց ՄԻԱՎ-կարգավիճակի մասին, հետևաբար նրանց վրա քրեական օրենսգրքի նշված դրույթը չի տարածվում։ Այն հստակ վերաբերվում է այն անձանց, ովքեր արդեն իսկ հետազոտվել, ախտորոշվել են և գիտեն իրենց ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին և վտանգի են ենթարկում այլ անձանց։ Այլ անձին ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը որևէ առնչություն չունի ՄԻԱՎ վարակով պացիենտների կողմից բժշկական օգնության դիմելու կամ չդիմելու հետ:

ԱՆ ԿԵՂԾԻՔ N4. ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերը և բուժումը միանշանակ թույլ են տալիս վարակի փոխանցումը դարձնել անհնար, և այս տրամաբանության մեջ գործող քրեական օրենսգրքում ամրագրված դրույթները չեն արտացոլում և ապահովում փոխարժեք ներգործության միջոցներ:

ՀԵՐՔՈՒՄ N4․ ՄԻԱՎ-ի բուժման ժամանակակից դեղերի անգամ պարտաճանաչ ընդունման դեպքում վարակի փոխանցման հավանականությունն էապես նվազում է, բայց ոչ դառնում անհնար: Դեղակայունության զարգացման, դեղերի ոչ կարգապահ ընդունման, մատակարարման ընդհատման դեպքերում այդ հավանականությունը սկսում է աճել: Բացի այդ, միշտ կան և լինելու են բուժառուներ, որոնք ունենալով ախտորոշում՝ կամ բուժումը դեռ սկսած չեն լինելու, կամ ընդհատած են լինելու, կամ հրաժարվելու են բուժումից:

ԱՆ ԿԵՂԾԻՔ N5. Այս բոլոր փոփոխությունների և լրացման արդյունքում հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ կազմակերպել ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը, ապահովել վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացումը, ինչը դրական կանդրադառնա երկրում ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի վրա:

ՀԵՐՔՈՒՄ N5. Ներկայացված փոփոխությունները որևէ աղերս չունեն ՄԻԱՎ-ով ապրող անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու, վերջիններիս իրավունքների անխոչընդոտ իրացման ապահովման, ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման և բուժման ծառայությունների ընդլայնման գործընթացի հետ:

ԱՆ ԿԵՂԾԻՔ N6. Նախագծի ընդունման հետաձգումը նպաստելու է ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրականության շարունակությանը:

ՀԵՐՔՈՒՄ N6. Սա շանտաժի տարրեր պարունակող բացահայտ կեղծիք է, քանի որ գործող օրենքը ՄԻԱՎ-ով ապրող անձանց տալիս է իրավունք ստանալ ոչ խտրական վերաբերմունք, ինչպես նաև բազմաթիվ այլ իրավունքներ։ Իսկ առաջարկվող փոփոխությունները որևէ ազդեցություն չունեն նրանց նկատմամբ խտրականության վրա:

Առաջարկում ենք «Արմենպրես» լրատվական գործակալությանը հրապարակել սույն հերքումը և հրավիրել մամլո ասուլիս, որի ընթացքում Հակահամաճարակային ալյանս նախաձեռնության մասնագետները պատրաստակամությամբ կբացահայտեն ԱՆ կողմից ներկայացված նախագծերի իրական նպատակները, ապօրինությունները, այլ օրենքներին անհամապատասխանությունները, վտանգները և ականները։

Սիրով սպասում ենք ձեր արձագանքին։

Հակահամաճարակային ալյանս նախաձեռնություն