Մոսկվայում գրանցվել է փետրվարի ամենացուրտ գիշերը

Մոսկվայում օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ին հասել է -22 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի սանդղակի, որը ռեկորդային ցածր ցուցանիշ է ընթացիկ ամսվա համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքային օդերևութաբանական կայանի ներկայացուցչին:

«Անցած գիշերը դարձել է ամենացուրտը Մոսկվայում փետրվարի սկզբից ի վեր: Նախորդ նվազագույն ջերմաստիճանն արձանագրվել էր փետրվարի 8-ին, երբ գրանցվել էր -19.3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշվում է, որ այս ձմռան ընթացքում ամենացուրտ օրը եղել է հունվարի 18-ը, երբ օդի ջերմաստիճանը գլխավոր օդերևութաբանական կայանում գրանցվել էր – 23.6 աստիճան:

Փետրվարի 15-ին Մոսկվայում եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ էր հայտարարվել անոմալ ցրտերի պատճառով: