Երեկ ՄԱԿ ՄԻԽ ենք ուղարկել հաղորդում, որ Ադրբեջանը ձգձգում է գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները. ՄԻՊ

«Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ ենք ուղարկել մանրամասն հաղորդում, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները,- այս մասին գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:- Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:

Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»: