Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, ինձ համար հասկանալի դարձավ, որ մենք գնում ենք դեպի պատերազմ. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Բանակցային գործընթաց։ Պարո՛ն նախագահ, վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Ձեզնից իբրև ժառանգություն ստացել է բանակցային մի փաթեթ, որում բովանդակային բանակցություններ սկսել կամ շարունակել արդեն իսկ հնարավոր չէր։ Այդ հնարավորությունները սպառված էին, այդ պատճառով նա սկսել է իր կետից, ոչ թե Ձեր կետից, ինչպես ինքն էր բառացիորեն ասում, և ճշգրտում է, ասում է, որ Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման որևէ հնարավորության մասին խոսք չի եղել Ձեր կողմից նրան թողած ժառանգության մեջ, փոխարենը խոսք է եղել միայն յոթ շրջանի անվերապահ հանձնման մասին, ընդ որում՝ որևէ երաշխիք չի եղել, որ Ադրբեջանը նոր պայմաններ կամ նոր պահանջներ մեզ չի ներկայացնի։ Այսինքն՝ փաստացի 2018-ի ապրիլին բանակցային գործընթացը եղել է փակուղում։ Այդպե՞ս է։

-Ոչ, միանշանակ ոչ։ Նրա ասածները խոսում են միայն ու միայն այն մասին, որ ինքը, նույնիսկ գրեթե երեք տարի աշխատելով որպես վարչապետ, այսինքն՝ լինելով գլխավոր բանակցող, այդպես էլ չի հասկացել բանակցությունների իմաստը, թե ընդհանրապես ինչ են բանակցում։ Ձեր ասած միտքը նա շարադրել է կապիտուլյացիայից հետո և միանգամից, առանց հապաղման համանախագահ երկրներից մեկի ներկայացուցիչը՝ Պոպովը, միանգամից այդ փուչիկը պայթեցրել է։ Ինձ կարող են չհավատալ, բայց արդյո՞ք որևէ հիմք կա չհավատալու Պոպովին, որովհետև, եթե Պոպովի ասածը իրականությանը մի միլիմետր անգամ չհամապատասխաներ, ապա մյուս համանախագահները միանգամից կփորձեին նրան ուղղել, որովհետև ինչքան էլ հակասություններ ունենան ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան…

-…Արցախի հարցում համակարծիք են։

-Գոնե սա այն հարցն էր: Որովհետև նրանք համագործակցում էին և իրարից ոչինչ չէին թաքցնում։ Ես ուզում եմ սկզբունքային խնդիրներին անդրադառնալ, ասել հետևյալը, որ մենք երբեք, երբեք չենք բանակցել այն մասին, թե մենք ինչ ենք տալու, մենք մշտապես բանակցել ենք այն մասին, թե մենք ինչ ենք ստանալու։ Բայց բանակցությունները այս մարդկանց համար տալու կամ չտալու խնդիր էին, ինչը անհեթեթություն է, անհեթեթություն՝ միգուցե ինչ-որ չափով բնորոշ այդ կարգի մարդկանց համար։ Մեր ցանկացածը և մեր կարմիր գիծն այն էր, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չլիներ Ադրբեջանի կազմում, երբեք։ Դա էր մեր կարմիր գիծը, և մենք այդ գիծը պաշտպանել ենք մինչև 2018-ի ապրիլի 23-ը։

-Տեսեք, վարչապետը մի հոդված գրեց՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ, որտեղ հիշատակել է և՛ Ձեր կառավարման շրջանը, և՛ Ապրիլյան պատերազմը, և՛ հռետորական հարցադրում է անում, ասում է՝ պատերազմ կանխող էիք Դուք, որ այսօր մեղադրում եք նրանց՝ պատերազմ չկանխելու համար, ապա ինչո՞ւ չկանխեցիք Ապրիլյան պատերազմը, կամ շարունակում է՝ Ապրիլյան պատերազմին հաջորդած երկու տարվա ընթացքում ինչո՞ւ մեզ համար հաղթական ելք չապահովեցիք։ Հիմա, տեսեք, պարո՛ն նախագահ, կարելի՞ է համաձայնել այն դիտարկմանը, որ 2020-ի պատերազմը առկախված, կանգնեցված, կասեցված Ապրիլյան՝ ավելի փոքր պատերազմի շարունակությունն էր, որովհետև մենք ի՞նչ գնով կանգնեցրինք Ապրիլյան պատերազմը։ Դուք ինձնից լավ գիտեք, որ, օրինակ՝ տվյալներ կան, որ մենք բանավոր համաձայնել ենք յոթ շրջանները զիջել՝ Ապրիլյան պատերազմը կանգնեցնելու գնով։

-Ոչ երբեք։ Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի, իսկ այդ տվյալները, Դավի՛թ, կներեք, Դուք որտեղի՞ց եք ստացել։ Իրականության մեջ այդպիսի բան չի եղել։ Ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ում դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, և, կրելով մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ։ Ես այս մասին օգոստոսյան իմ ասուլիսի ժամանակ մանրամասն ասել եմ։

-Հայկական կողմը որևէ գին չի վճարել՝ այսպես ասենք։

-Մեզնից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք բացարձակապես չհամաձայնեցինք, ասացինք՝ ոչ։ Գիտեք, եթե մենք այնտեղ այլ պայմանավորվածություններ ունենայինք, և քանի որ այդ հանդիպումը եղել է եռակողմ, ապա երրորդ կողմը, այսինքն՝ համանախագահ Ռուսաստանը, այդ մասին կհայտարարեր որևէ օր՝ գոնե այն պատճառով, որ ինքը այսպես իր վարկին վնաս չհասցնի, որովհետև չէր կարող ռուսական կողմն այդպիսի խոսակցության, այդպիսի պայմանավորվածության վկան լինել ու դրա մասին չհայտնել իր գործընկերներին՝ ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային։ Տեսնո՞ւմ եք՝ շրջանակն ինչքան է ընդլայնվում։ Այնպես, ինչպես ՌԴ արտաքին գործերի նախարարությունը Պոպովի շուրթերով հայտարարեց, թե ինչպիսի փաստաթուղթ էր սեղանին՝ մինչև 2018-ի գարնանային իրադարձությունները, այնպես էլ կհայտարարեր, որ այդպիսի պայմաններ են եղել։ Եվ, մյուս կողմից, եթե այդպիսի պայմանավորվածություն է եղել, բա ինչպե՞ս է սեղանին մինչև 2018-ը մնացել փաթեթային լուծման տարբերակ։

-Պարո՛ն նախագահ, ընդդիմությունը, այդ թվում՝ Ձեր ղեկավարած Հանրապետականը, այս իշխանությանը մեղադրում է, որ նահանջեցին Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններից, որոնցով մշտադիտարկման մեխանիզմներ պետք է սահմանվեին շփման գծում։ Լավ, բայց չէ՞ որ Ապրիլյանին հաջորդած երկու տարվա ընթացքում Դուք էիք իշխանության, և չհաջողվեց այդ մշտադիտարկման մեխանիզմների և դիտորդների թվի ավելացմանը հասնել։ Ինչո՞ւ եք հիմա մեղադրում այս իշխանությանը։

-Իսկ ո՞վ է ասել, որ երկու տարի ժամկետում մենք պետք է հասնեինք այդ բաղձալի հանգրվանին։ Նույնիսկ երբ որ 2007 թվականին մեզ առաջարկեցին «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը, դրա համար գրեթե մի տարի պահանջվեց, որ Ադրբեջանը նախնական համաձայնություն տա այդ սկզբունքների շուրջ, այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարելու։ Ադրբեջանի համար դա շատ մեծ կորուստ կլիներ, և մենք այդ մասին բազմաթիվ անգամ խոսել ենք Ադրբեջանի նախագահի հետ, և նա էլ էր գիտակցում, որ միջադեպերի հետաքննության այդ մեխանիզմով մենք ուղղակի միջազգայնացնում էինք շփման գիծը։ Ով որ շատ թե քիչ տեղյակ է բանակցային պրոցեսից, սա հստակ պետք է հասկանար, և Ադրբեջանը շատ լավ գիտակցում էր, որ դրանից հետո ուժի գործադրումը շատ ծանր հետևանքներ կունենար նրանց համար, դրա համար ամեն կերպ փորձում էի խուսափել դրանից։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ աշխատանքից պետք է որ հոգնել, իսկ ո՞վ է ասել, որ այդ աշխատանքը, չգիտեմ, երկու տարի ժամկետ ունի, երեք տարի ժամկետ ունի կամ չորս տարի ժամկետ ունի։

-Բայց դա հաղթաթուղթ էր մեր ձեռքում և պետք էր շարունակել, պարո՛ն նախագահ։

-Միանշանակ։ Գիտեք, երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին, այսպես ասած, Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար շատ հստակ հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ։ Տեսեք, ես ըմբռնումով եմ մոտենում սրանց այն ցանկությանը, որ իրենք փորձում էին ժամանակ շահել և միգուցե այդ ժամանակի ընթացքում հանգամանորեն ծանոթանալ, թե ինչի մասին էինք բանակցում և ուր էինք հասել, բայց այդ ժամանակը պետք էր շահել շատ պարզ, հասկանալի պատճառաբանությամբ և համանախագահներին բառացիորեն հետևյալն ասել՝ պարոնայք համանախագահներ, այո, նախկին իշխանությունները գողեր էին, ավազակներ էին, թալանչիներ էին և այլն, և այլն, բայց, այնուհանդերձ, 2016-ին տեղի է ունեցել պատերազմ, և պատերազմի արդյունքով դուք ինքներդ ահա այսպիսի հայտարարություն եք ընդունել։ Խնդրում եմ՝ բերեք իրականացնենք այս հայտարարությունը, այնուհետև անցնենք առարկայական բանակցությունների։ Փոխարենը ի՞նչ արեցին՝ անհասկանալի պայման դրեցին համանախագահների և Ադրբեջանի առջև…

-…Որ Արցախը պետք է վերադառնա։

-Որ Արցախը պետք է մասնակցի բանակցային պրոցեսին։ Կարծում եմ՝ իրենք մտածել են, որ դրանով իսկ, ինչպես ասացի, ժամանակ կարող են շահել, որովհետև դա անհնար բան էր, և երկրորդ՝ որ այդ պայմանը դնում են Ադրբեջանի առջև։

-Դա պայմա՞ն էր, թե՞ ցանկություն հայկական կողմի։

-Դա պայման էր: Ցանկությունը մերն էր, երբ մենք մշտապես ասում էինք, որ ճիշտ կլիներ, որ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն մասնակցեր բանակցային պրոցեսին։ Դա ցանկություն էր, որը պայմանի չէր վերածվել։ Իսկ այս դեպքում դա պայման էր, որովհետև ասում էին, որ առանց դրա բանակցություններ չեն լինելու։ Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է նշանակում Հայաստանի կողմից պայմաններ դնել եռանախագահներին՝ ՌԴ-ին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

-Դա տապալում է նշանակում բանակցությունների։

-Դա նշանակում էր ոչ միայն տապալում, դա նշանակում էր անհարգալից վերաբերմունք այդ երկրների նկատմամբ, որոնք մեծ ջանքեր էին գործադրում՝ խնդիրը լուծելու համար։ Համանախագահ երկրների նախագահները հինգ անգամ հայտարարել էին բանակցային ձևաչափի մասին և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է այս խնդիրը լուծվեր։ Եվ ի հայտ է գալիս մեկը, որն այդ ամենն արհամարհում է և ասում է՝ ոչ, ես իմ կետից պետք է սկսեմ բանակցությունները։