Փետրվարի 15-ը՝ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է` որպես Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր:

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, օրվա շրջանակներում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, մանկական քաղցկեղի դեմ պայքարում կատարված աշխատանքները ու հետագա անելիքները։

Երեխաները մեր ապագան են, և ինչպես յուրաքանչյուր պետության, այնպես էլ մեր երկրի համար նրանց առողջության պահպանման հարցը կարևորագույն խնդիր է:

Քաղցկեղն ամբողջ աշխարհում երեխաների ու դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է, և ամեն տարի մինչև 19 տարեկան երեխաների և երիտասարդների մոտ ախտորոշվում է շուրջ 300 հազար քաղցկեղի դեպք` դառնելով և՛ դարի չարիք առողջապահության համար, և՛ սոցիալական խնդիր` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետությունների համար: