Արդեն երեք ամիս անցել է, բայց ոչ մեր զինգրքույկները կան, ոչ թուղթ կա, որ մենք ընդհանրապես պատերազմի մասնակից ենք. կամավոր

Այսօր պատերազմի կամավոր մասնակիցները ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում:

«Վահրամ Խաչատրյանն եմ, Նոր Հաճնից եմ, Եղվարդի զինկոմիսարիատից գնացել եմ Ղարաբաղ՝ հոկտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 18-ը։ Հիմա արդեն երեք ամիս անցել է, բայց ոչ մեր բիլետները կան, ոչ թուղթ կա, որ մենք ընդհանրապես պատերազմի մասնակից ենք,- լրագրողներին պատմեց կամավորը։- Տեղյակ ենք, որ աշխատավարձի նման ինչ-որ գումարներ են տալիս, բնականաբար, դրանք էլ չենք ստացել։ Կինս շաքարային դիաբետ ունի, երկրորդ ռիսկ է, այսինքն՝ օրը երկու անգամ գիտեք՝ ինչ է սրսկվում, այս բոլորը անտեսելով՝ իրեն թողել եմ մենակ տունը երկու փոքր տղաներիս հետ ու մեկնել առաջնագիծ՝ հայրենիքի համար։ Բայց հիմա մենք անտեսված ենք, ո՞ւմ համար գնացինք, ինչի՞ համար գնացինք։ Գնալուց գիտեինք՝ ինչի համար ենք գնում, բայց հիմա հետ ենք եկել մենք մեզնից փոշմանել ենք»։

Հովհաննես Շահբազյանը  լրագրողներին հայտնեց, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է և իր ջոկատի հետ զինկոմիսարաիտի միջոցով հոկտեմբերի 2-ին մեկնել են Արցախ, որտեղ իրենց մի քանի զորամաս տեղափոխելուց հետո տեղակայել են Մարտունի-3 զորամասում:

«Մենք հարց ենք բարձրացնում, թե ինչո՞ւ զորամասում չկան մեր անունները, ո՞ւր են մեր զինվորական գրքույկները»,- ասաց նա:
Կամավորի խոսքով՝ իրենց առաջնագծի դիրքը հակառակորդից եղել է 25 մետր հեռավորության վրա:

Նա հայտնեց, որ պահանջել և մեծ դժվարությամբ զորամասի հրամանատարությունից ստացել են գնդացիր և նռնականետեր և առաջնագծում են եղել մինչև նոյեմբերի 10-ը:
Հովհաննեսը տեղեկացրեց, որ հրադադարից հետո՝ նոյեմբերի 13-ին վերադարձել են Հայաստան,  ներկայացել զինկոմիսարիատ, որտեղ իրենց ասել են՝ սպասեն պատասխանի:

Ըստ կամավորի, դրանից հետո դիմում են գրել նախարարությանը, զանգահարել թեժ գծին, որտեղից խորհուրդ են տվել իրենց զինկոմիսարիատում դիմում գրել:

«Զինկոմիսարիատում դիմում ենք  գրել, դրանից 15-20 օր հետո նոր պահանջում են անձնագրերի պատճենները, որպեսզի կցեն դիմումին և ուղարկեն ՊՆ»,- հայտնեց Հովհաննես Շահբազյանը:

ՊՆ ներկայացուցիչների հետ կամավորները հանդիպեցին, որից պարզ դարձավ, որ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը կստանան կենտրոնական զինկոմիսարիատից:

Կամավորները լրագրողների հետ մեկնեցին ՀՀ կենտրոնական զինկոմիսարիատ: