Սյունիքից այնպիսի լուրեր կսկսեն տարածվել, որ ԱԱԾ-ն հետքն էլ չի գտնի. օրվա իշխանությունները սարսափում են իրականության մասին բարձրաձայնումներից. Թագուհի Թովմասյան. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցությունը լքած Թագուհի Թովմասյանն անդրադարձել է ԶԼՄ-ի նկատմամբ նոր սահմանափակումներին, ըստ որի՝ ԱԱԾ-ն սահմանափակում է լրատվամիջոցների մուտքը Սյունիք: 

– Տիկին Թովմասյան, ԱԱԾ-ն սահմանափակում է Սյունիքում լուսաբանումներ իրականացնելը. առանց ԱԱԾ-ի հավատարմագրման՝ լրատվամիջոցն իրավունք չունի լուսաբանել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները: Ի՞նչ նպատակ է սա հետապնդում:

– Ծանոթ եմ ԱԱԾ հայտարարությանը։ Իհարկե, նշվում է, որ նպատակը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով և նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով և տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով։ Բայց ամեն դեպքում այդ հայտարարությունն ահազանգ է ինձ համար, որ Սյունիքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, ինչպես փորձում են մատուցել իշխանական օղակները։ 

-Արդյո՞ք նման սահմանափակումները չեն հանգեցնելու նրան, որ հասարակությունը զրկվելու է տեղեկացված լինելուց:

-Այդ սահմանափակումները հանգեցնելու են Սյունիքից ոչ պրոֆեսիոնալ, չճշտված լուրերի տարածմանը՝ սոցցանցերով, բամբասանքներով: Լրագրողներին արգելում են, քաղաքացիները մարզում նկարահանումներ կանեն հեռախոսով և տարբեր սոցցանցերով կտարածեն։ Հիմա ամեն երկրորդ քաղաքացի լրագրող է դարձել։ ԱԱԾ-ն հետքն էլ չի գտնի՝ մեծ ցանկության դեպքում անգամ։ Եվ ի՞նչ ստացվեց՝ տուժեց լրագրությունը, լրագրողի ազատությունը, բայց անցանկալի ինֆորմացիաների դեմն առնել, վստահ եմ, չի ստացվի։ 21-րդ դարում, թվային տեխնոլոգիաների այսչափ տարածվածության պայմաններում ինֆորմացիան կարող է մի կետից դուրս գալ ու ցանցային տարածում գտնել, ուղղակի զարմանում եմ՝ այս իրողությունը հաշվի չառնելու մեր պետական կառույցների համառության վրա։

– Սա կարգավորում չէ՞, որպեսզի հանրության տեղեկատվության աղբյուրը լինի միայն պաշտոնական լրատվությունը:

-ԱԱԾ-ի այդ հաղորդագրությունը, ինչպես նշեցի, ինձ համար ավետիս չէ։ Սա նշանակում է, որ Սյունիքում պատերազմական իրավիճակ է, դրա համար էլ պատերազմական կանոններ են թելադրում՝ օգտվել միայն պաշտոնական աղբյուրներից։

-Այս սահմանափակումն, ըստ էության, առնչություն չունի՞ ռազմական դրության հետ, և փաստացի միշտ այդպե՞ս է լինելու:

-Կդժվարանամ ԱԱԾ-ի փոխարեն պատասխանել, թե ինչքան կգործի։ Բայց հուսամ՝ կարճ ժամանակ անց սահմանափակումները հանելու նոր հաղորդագրություն կտարածվի։

 – Արդյո՞ք ԱԱԾ-ն այս սահմանափակման տակ չի քողարկում փաստ, որ համաձայնությունը տալու է միայն ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ համաձայնեցնելուց հետո:

⁃Հայաստանի ինքնիշխանության մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանության օրոք մեր երկիրը բոլորիս աչքի առաջ կամաց-կամաց կորցնում է ինքնիշխանությունը և ոչ միայն։

-Ռազմական դրություն, արտակարգ դրություն, իսկ հիմա առանձին սահմանափակում. ինչո՞ւ են լրատվամիջոցները բոլոր սահմանափակումների օրակարգում:

⁃Այդ հարցը ինձ ամենաշատն է մտահոգում: Տպավորություն է, թե լրատվամիջոցներին լռեցնելով՝ պետական կարևորագույն հարցեր են կարգավորվում։ Բայց իրականում ուղղակի լրատվամիջոցների ազատ գործունեությունը խոչընդոտվում է՝ հաճախ պետական մակարդակով, իսկ խնդիրները մնում են չլուծված, ինչպես չէին լուծվել։ Այսինքն խնդիրների մասին լռելը դեռ լուծում ունենալ չի նշանակում։

Կհիշեք, երբ դեռ Քարվաճառը չէինք հանձնել, ես ԱԺ-ում բարձրաձայնեցի Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի հետագա ճակատագրի հարցը։ Ինձ խնդրեցին չխոսել, չբարձրաձայնել, քանի որ աղմուկը կարող է վնասել գործին։ Եվ ի՞նչ, լուծվե՞ց հարցը, իհարկե՝ ոչ։ Հանքավայրի կեսից ավելին ադրբեջանցիներն են տնօրինում այսօր։ Խնդիրն այն է, որ օրվա իշխանությունները սարսափում են իրականության մասին բարձրաձայնումներից ընդհանրապես՝ կլինի լրատվամիջոցների կողմից, թե պատգամավորի, քաղաքական գործչի կամ այլ անձի շուրթերից։