Պետական դավաճանության մասին հաղորդումները դատախազությունն ու ՀՔԾ-ն ուղարկել են դեպի «աղբաման». Արծվիկ Մինասյան

«Ոչ միայն փաստաբանների կողմից է պետական դավաճանության մասին հաղորդում ներկայացվել, այլև բազմաթիվ տարբեր անձանց և ուժերի կողմից»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ քննվում է իրավաբանների բողոքը՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ:

Նրա խոսքով, տարբեր խմբերի կողմից պետական դավաճանության մասին հաղորդումներ են ներկայացվել։

«Իսկ ի՞նչ է արել դատախազությունը. Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել, ընդ որում, դրանով նախատեսված հանցադեպը կառուցել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման վրա, և բոլոր այն հաղորդումները, որոնցում ներկայացվել են պետական դավաճանության հանցադեպերը, դատախազությունն ու ՀՔԾ-ն արհեստականորեն ուղարկել են դեպի «աղբաման»՝ առանց որևէ իրավական հիմքի»,- ներկայացրեց Արծվիկ Մինասյանը։

Ըստ նրա, խնդիրն այն է, որ հաղորդումը ներկայացնելուց հետո պետք է կայացվի 3 որոշումներից մեկը՝ կա՛մ պետք է հարուցվի քրեական գործ, կա՛մ պետք է մերժվի քրեական գործ հարուցելը, կա՛մ այն պետք է ուղարկվի՝ ըստ ենթակայության, որի էությունը հետևյալն է՝ հանցագործության վայրում իրականացնել նախնական գործողություններ։

«Հիմա դատախազությունը հորինել է չորրորդ տարբերակ, ըստ որի՝ բոլոր այս հաղորդումները նետում է աղբարկղ։ Այսօրվա դատական նիստի պահանջը այն է, որ դատախազությունն իրավունք չունի օրենքի խախտում թույլ տալու։ Ակնհայտ է, որ դատարանը պետք է բավարարի այս պահանջը։ Հակառակ դեպքում, կստացվի, որ դատական իշխանությունն էլ է ապօրինի գործողությունների տիրույթում»,- նկատեց նա։

ՀՅԴ-ական գործչի խոսքով, եթե որպես հիմք վերցվեն քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի հիմունքները և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածները, ապա գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և իր դավաճանական կազմը պետք է անցնեն:

«Վնասարարության էությունը հետևյալն է, երբ անձը հատուկ նպատակով կազմաքանդում է պետական կառույցները՝ թուլացնելով պետությանը, նրան մղելով մի իրավիճակ, երբ մարտահրավերների դեպքում, ինչպիսին օրինակ՝ ռազմական գործողություններն են, կամ պատերազմական իրավիճակներն են, պետությունը ի վիճակի չլինի պաշտպանվել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: