Արտակարգ դեպք Արարատի մարզում. կրակի է մատնվել մոտ 500 պտղատու ծառ

Արարատի մարզի Արմաշ գյուղի մի քանի բնակիչներ ահազանգել են գյուղապետարան, որ մեկ օր առաջ կասկածելի հանգամանքներում հրդեհ է բռնկվել իրենց կողմից տարիներ առաջ ստեղծված ծիրանի, խնձորի, խաղողի և մի քանի այլ մրգատու ծառերի այգիներում: Այս մասին հայտնում է Shamshyan.com: Այգիներում առաջացած կրակի մասին երբ իմացել են, շտապել են հրդեհի վայր և սեփական ուժերով նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ոստիկանությունը մեկ ժամից ավելի է` տեղում է:

Գյուղացիներն ասում են.

« Հալալ քրտինքով մեր ընտանիքներով ստեղծել ենք այս այգիները: 15-20 տարի, կարելի է ասել, 24 ժամ խնամել ենք: Արդեն նույնիսկ միրգն էինք հավաքում, վաճառում ու բանկերի վարկերն էինք հազիվ մուծում, մի քանի կոպեկ էլ մնում էր՝ հոգում էինք մեր սոցիալակա խնդիրները: Կրակը այնքան արագ էր տարածվում, որ նույնիսկ չհացրեցինք զանգահարել ԱԻՆ: Մեր ուժերով սաղ հանգցրեցինք: Ցավոք, մոտ 500 ծառ  բներով այրվել են: Երևի 80 տոկոսն էլ բերք չտա: Ո՛չ թշնամիներ ունենք, ո՛չ էլ չուզողներ: Թե ո՞վ է դիտմամբ կամ անփութությամբ  կրակի մատնել մեր քրտինքը, չենք արող ասել: Դիմել ենք գյուղապետարան: Գյուղապետն օպերատիվորեն արձագանքել է, գյուղապետից գոհ ենք, ինչ հնարավոր է՝ արել է: Հիմա ուզում ենք Արարատի ոստիկանությունն ու  հրշեջ-փրկարարները  հետաքննություն կատարեն, իմանանք՝ սա միտումնավոր է արվել, թե անփութություն է: Միլիոնների վնաս ենք կրել: Մեծ թվով ծառեր պետք է արդեն հանենք, տեղը նոր տնկիներ տնկենք ու էլի մի քանի տարի խնամենք,  որ հետո դրա բերքը քաղենք: Չգիտենք, արդյո՞ք Արարատի մարզպետարանը մի բանով մեզ սատար կկանգնի, թե ոչ»:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է  տուժած քաղաքացիների ինքնությունն ու  ինչքան վնաս են կրել նրանք: