Բայդենը դադարեցրել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանգնեցրել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի ամենահնչեղ նախագծերից մեկը. Նա դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման ֆինանսավորումը և չեղյալ է հայտարարել այնտեղ գործող արտակարգ դրությունը: Այս մասին ասվում է Բայդենի՝ Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Ես տեսա, որ մեր հարավային սահմանում արտակարգ դրություն հայտարարելը անհիմն է: Ես նաև հայտարարեցի, որ իմ վարչակազմի քաղաքականությունը կայանում է նրանում, որ այլևս ԱՄՆ հարկատուների գումարները  չուղղել սահմանային պատեր կառուցելուն»,- շեշտել է ամերիկացի առաջնորդը:

Արտակարգ դրությունը Մեքսիկայի հետ սահմանին երկու տարի առաջ մտցրել է այդ ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Արտակարգ դրությունը հնարավորություն տվեց պարզեցված սխեմայով այս ծրագրի համար միջոցներ ուղղել:

Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից մեկն էր: Դրա կառուցումը 45-րդ նախագահի կոշտ ներգաղթային քաղաքականության բաղադրիչներից մեկն է: Նա բազմիցս շեշտել է, որ պատն անհրաժեշտ է ոչ միայն անօրինական ներգաղթյակների դեմ պայքարելու, այլև թմրաբիզնեսին հակազդելու համար: