Ղրիմում Թուրքիային խորհուրդ են տվել հրաժարվել ՌԴ-ի հարավի մասին երազանքներից

Ռուսաստանի հարավային շրջանների նկատմամբ Թուրքիայի ազդեցության ընդլայնումն անհեթեթ երազանք է, որը գիտաֆանտաստիկայի ժանրի մի պատառիկ է հիշեցնում: Այս մասին հայտարարել է Ղրիմի  ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Յուրի Գեմպելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայտարարությունը հնչել է ի պատասխան թուրքական TR1 պետական հեռուստատեսության ռեպորտաժի, որի ժամանակ ցուցադրվել է մինչև 2050 թվականը  Անկարայի ազդեցության ոլորտի ընդլայնման վերաբերյալ քարտեզ:

Համաձայն վերոնշյալ քարեզի, Թուրքիայի ազդեցությունը տարածվելու է նաև Ռուսաստանի հարավային շրջաններում: Բացի Ղրիմից այն տարածվելու է նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի, Կալմիկիայի, Ռոստովի և Աստրախանի տարածաշրջանների և Հյուսիսային Կովկասի հանրապետությունների վրա:

Ըստ ղրիմցի պատգամավորի, Թուրքիան կարող էր իրեն նման քարոզչություն թույլ տալ այն ժամանակ, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմում էր գտնվում, սակայն հիմա թերակղզին Ռուսաստանի օրինական մասն է, և այդպիսի կուլիսային խաղերը չեն կարող իրականություն դառնալ:

«Ամեն ինչ շատ անհեթեթ է թվում և հիշեցնում է գիտաֆանտաստիկ ժանրի մի պատառիկ: Թուրքական կողմին խորհուրդ կտանք հրաժարվել Ռուսաստանի տարածքի երազանքներից, այլապես նրա անսահման ախորժակը կարող է լուրջ խնդրի առաջ կանգնեցնել»,- ասել է Գեմպելը: