Իշխանությունից պահանջում էինք հոդաբաշխ ձևով բացատրություն տալ՝ ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը. Տարոն Սիմոնյան

Իշխանությունից պահանջում էինք հոդաբաշխ ձևով բացատրություն տալ՝ ինչ գաղտնի փաստաթղթի մասին է խոսքը: Այս մասին ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստին, որը տարածվել է համացանցում: Տարոն Սիմոնյանը նշեց, որ դա փաստաթղթի միայն տեքստն է, չկա բացատրություն հայկական կողմից և չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է:

«Եթե անգամ այն ստորագրված լինի գործադիր իշխանության ղեկավարի, կամ որևէ ներկայացուցչի կողմից, սա ոչ միայն հակապետական, հակազգային փաստաթուղթ է, այլ իրավունքի կոպիտ խախտում ունեցող և իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Այդտեղ կարգավորում են հարաբերություններ, որոնք միջազգային պայմանագրային կարգավորման առարկա են, իսկ մեր Սահմանադրության և միջազգային պայմանագրերի ՀՀ օրենքի համաձայն նմանատիպ փաստաթղթերը ուժ ստանալու համար պետք է անպայմանորեն ՍԴ և ԱԺ մտնեն և վավերացվելուց հետո միայն ունենան կիրառական նշանակություն: Մինչդեռ այնտեղ նշված փաստերը վկայում են, որ մինչև դեկտեմբերի 18-ը արդեն կոնկրետ գործողություններ կատարվել են»,- մանրամասնեց նա:

Տարոն Սիմոնյանը նշեց, որ հակազգային և հակապետական է նաև այն, որ փաստաթղթում նշված դրույթներն ուղղակիորեն ոչնչացնում են Արցախի հարցի ինքնորոշման ուղղված պետական քաղաքականությունը, որը վարվել է այս տասնամյակների ընթացքում: Նա նաև նշեց, որ հակազգային և հակապետական է փաստաթղթում օգտագործված բառապաշարը։

Տարոն Սիմոնյանն անդրադարձավ նաև Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին շրջանառվող տեղեկություններին: Ըստ նրա՝ այս հարցի շուրջ ևս պետք է հոդաբաշխ, սպառիչ բացատրություն տրվի:

«Որևէ ազգ, որևէ պետություն չի կարող և իրավունք էլ չունի ոտքերը սրբել մեր արժանապատվության վրա, ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաև մշակութային ինքնորոշում: Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում ինչ հերոսներ ունենա, ինչ մշակութային արժեքներ և ինչ գաղափարներ դավանի: Այս հարցում մենք զիջելու տեղ չունենք»,-եզրափակեց նա: