«Հայ ազգային ճակատ»-ի որոշումը

Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում, ինչպես արդեն տեղեկացրել ենք , փետրվարի 11-ին տեղի ունեցավ «Հայ ազգային ճակատ» բարեսիրականհայրենասիրական կազմակերպության հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը:

«Հայ ազգային ճակատ» ազգասիրական, հայրենասիրական, բարեսիրական հասարակական կազմակերպության արտահերթ ժողովը կայացրեց որոշում, որը հրապարակում ենք ստորև.

 

««Հայ ազգային ճակատ» ազգասիրական, հայրենասիրական, բարեսիրական հասարակական կազմակերպությունը, որի ստեղծման հիմնական նպատակն է Հայոց ազգային գաղափարաբանության ձևավորմանը և ազգային պետության կերտմանը, ազգային բնավորության, ինքնության, հիշողության և գիտակցության, ներուժի զարգացմանը, համախմբմանը և ամբարմանը, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդմանն ու փոխհարաբերությունների արդյունավետ զարգացմանը, Հայաստանի Հանրապետության և հայ ազգի նկատմամբ միջազգային բարենպաստ վերաբերմունքի ձևավորմանը նպաստելը, 2021 թվականի փետրվարի 11-ին Երևան քաղաքում հրավիրված արտահերթ ժողովին որոշում է.

ա/ ստեղծել «Հայ ազգային ճակատ» ազգասիրական, հայրենասիրական և բարեսիրական կազմակերպության Խորհուրդ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ` նպատակ ունենալով համախմբելու Հայաստանի Հանրապետության և Հայկական սփյուռքի մտավոր, բարոյական ու հոգևոր ներուժը և ազգային ջանքերը` ի նպաստ և ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Հայոց պետականության զորացման և ամրապնդման,

բ/ Հայկական սփյուռքի համայնքներում  ստեղծել հասարակական, քաղաքական, կրոնական, բարեսիրական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված միացյալ մարմիններ և այդ մարմինների առաջարկությունների հիմամբ, նրանց հետ խորհրդակցելով ու համագործակցելով, տարբեր բնագավառներում /մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, իրավական և տնտեսական զարգացման, արտաքին և ներքին քաղաքականության/ կազմավորել «Հայ ազգային ճակատ» ազգասիրական, հայրենասիրական, բարեսիրական կազմակերպության մասնագիտական հանձնախմբեր, մշակել հայոց ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կերտմանը նպաստող ազգային ծրագրեր և ստեղծել ճանապարհային քարտեզներ` Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Հայկական սփյուռքի տնտեսական, մշակութային, բարոյական և հոգևոր զարգացման համար»: