Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներկայիս լուռ հակամարտությունը վերածվելու է մեծամասշտաբ պատերազմի

Թող սա չհամարվի հայերիս երազանքը, բայց…

 

«Խմեյմիմ» ավիաբազայի վրա հարձակման ետևում կանգնած է Թուրքիան: Ռազմական կուտակումներ են մեր տարածաշրջանում, իսկ տարածաշրջանի հարևանությամբ, մեղմ ասած, անհանգիստ վիճակ է: Սիրիայում ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայի վրա օրերս կատարված հարձակման ետևում Թուրքիան է կանգնած: Նա է փորձել ահաբեկչական կազմակերպության միջոցով կամ, բացառված չէ, հենց անմիջականորեն, այդ կազմակերպության զբաղեցրած տարածքից, այսինքն` նրա անվան տակ քողարկվելով, պայթյունների շարք առաջացնել հիշյալ ավիաբազայում:

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները Սիրիայում փետրվարի 9-ի առավոտյան կարողացել են ապօրինի զինված խմբավորումների կողմից համազարկային կրակի ռեակտիվ (ՀԿՌ) համակարգերի կիրառմամբ իրականացված հարձակումից պաշտպանել ռուսական «Խմեյմիմ» ավիաբազան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ , այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը:

Ռուսական ՀՕՊ համալիրները և մասնագետները, դատելով ամենից, իրենց դրսևորել են գերազանց, եթե նկատի ունենանք, թե ինչ զինատեսակ է օգտագործվել հարձակման համար: Այս անգամ գործադրվել են ոչ թե մեկ կամ մի քանի ԱԹՍ-ներ կամ առանձին հրթիռներ, որոնց խոցման տեխնիկական հնարավորությունն ու փորձը «Խմեյմիմ» ավիաբազան պաշտպանող ՀՕՊ անձնակազմն ունի, այլ ՀԿՌ համակարգեր, որոնցից համազարկային կերպով միանգամից արձակվում են բազմաթիվ ռեակտիվ արկեր (դրանց հաճախ անվանում են նաև հրթիռներ): Ընդ որում, խոսքը ՀԿՌ հեռահար, այսինքն` ժամանակակից ու հզոր համակարգերի մասին է:

Մասնագետներին հայտնի է, որ ՀՕՊ համալիրների հնարավորությունները սահմանափակ են. եթե հարձակման համար գործադրված և օդում միաժամանակ գտնվող թիրախների քանակը չափազանց մեծ է, ապա ՀՕՊ համալիրները չեն հասցնում կամ չեն կարողանում նրանց բոլորի թռիչքի տվյալները մշակել, ուղեկցել դրանց ու խոցել:

Որպեսզի շարքային ընթերցողը պատկերացնի, թե ինչ դժվարին առաջադրանք են կատարել «Խմեյմիմ» ավիաբազան պաշտպանողները, հիշեցնենք, որ Իսրայելի այդքան գովազդված «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես վկայում է անցած տարիների փորձը, չեն կարողացել ոչնչացնել Պաղեստինից, ինչպես նաև Գազայի տարածքից ՀԱՄԱՍ-ի արձակած բոլոր ռեակտիվ արկերը: Նույնիսկ մեկ հարձակման ընթացքում տասնյակ արկեր հարվածել են Իսրայելին, մի մասը` հենց բնակավայրերին, և սա` այն դեպքում, երբ այդ արկերն արձակվել են ընդամենը հնացած «Գրադ»-ի փոքր-ինչ կատարելագործված տարբերակից:

Մինչդեռ այն ՀԿՌ համակարգերը, որոնք կիրառվել են «Խմեյմիմը» խոցելու համար, ինչպես արդեն նշեցի, եղել են հեռահար, գործողության մեծ շառավղով, իսկ այդպիսի համակարգերը, որոնք նոր և համեմատաբար նոր սերնդի են, ավելի հզոր են ու կատարելագործված:

Սակայն, «Խմեյմիմ» ավիաբազայի նման կարևոր օբյեկտի հաջողված պաշտպանությունից պակաս կարևոր չէ, թե իրականում ովքեր են եղել հիշյալ հարձակումն իրականացնողները և ինչ ՀԿՌ համակարգեր են օգտագործել: Սիտնիկի խոսքով ՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով պարզվել է, որ հիրթիռակոծությունն իրականացվել է Իդլիբի դեէսկալացման գոտու տարածքից, որը վերահսկվում է անօրինական զինված խմբավորումների կողմից: Պարոն Սիտնիկը «մոռացել է» նշել, որ Իդլիբը վերահսկվում է նաև Թուրքիայի զինուժի կողմից, ավելի ճիշտ կլինի ասել, վերահսկվում է հիմնականում հենց նրա կողմից:

ՏԱՍՍ-ի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Իդլիբի դեէսկալացման գոտում 26 գրոհ է գրանցվել «Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից, այդ թվում ՝ Իդլիբ, Լաթաքիա, Հալեպ և Համա նահանգներում:

Ըստ վերոնշյալ կենտրոնի ղեկավարի տեղակալի, օրվա ընթացքում որևէ հարձակում չի գրանցվել Թուրքիայի կողմից վերահսկվող ապօրինի զինված խմբավորումների կողմից: Նշենք, որ խոսքը հիմնականում թուրքմաններից բաղկացած այն խմբավորումների մասին է, որոնք աշխարհին հայտնի են որպես Թուրքիայի կողմից վերահսկվող: Սակայն, նախ, անորոշ է մնում, թե խոսքը ո՞ր օրվա մասին է` փետրվարի 9-ի՞, այսինքն` «Խմեյմիմ»-ի վրա հիշյալ հարձակմա՞ն, թե 10-ի` ճեպազրույցի օրվա…

Երկրորդ. եթե Վյաչեսլավ Սիտնիկը նկատի է ունեցել հենց 9-ը, ապա Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը «Խմեյմիմ»-ին հարվածելու նպատակի դեպքում, բնականաբար, չէր օգտագործի այն զինված խմբավորումներին, որոնց` Թուրքիայի կողմից վերահսկվող լինելու փաստն ինքն էլ չի թաքցնում: Չէ՛ր օգտագործի` հրաշալի հասկանալով հետևանքները, փոխարենը կօգտագործեր, օրինակ, հենց վերոնշյալ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին:

Իսկ ո՞վ է ասում, թե «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն Թուրքիայի կողմից վերահսկվող չէ, եթե նրա կողմից ռազմական տեխնիկայի, զենք-զիմամթերքի մատակարարումներով սնուցվող է: Փոխծովակալ Սիտնիկն էլ, կարծում եմ, քաջատեղյակ է Թուրքիայի կողմից «Ջաբհաթ ան-Նուսրա»-ին սնուցելու, աջակցելու մասին ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյի դեռ 2016թ. ապրիլի հայտարարությանը:

Ի վերջո, շատ կարևոր է նաև, թե որոշակի ի՞նչ ՀԿՌ համակարգ կամ համակարգեր են օգտագործվել «Խմեյմիմ»-ին հարվածելու համար: Պարոն Սիտնիկն այս մասին չի հայտնել, միգուցե միտումնավոր, որովհետև հարց կառաջանա, թե ահաբեկիչներին որտեղի՞ց այդ համակարգերը…

Այնուհանդերձ, պարզ է, որ Իդլիբի դեէսկալացման գոտում գտնվող որևէ ապօրինի զինված խմբավորում չուներ և չէր կարող օգտագործել մեծ հեռահարության ՀԿՌ համակարգեր, եթե դրանք ստացած չլիներ Թուրքիայից, որոնք արտադրում և ունի այդպիսի համակարգեր, ինչպիսիք են, օրինակ, մինչև 100-120 կիլոմետր հեռահարության T-300 և TRG-300 համակարգերը: Ի դեպ, Թուրքիան նշված համակարգերից պաշտոնապես տվել է միայն Ադրբեջանին, որն էլ դրանք 2020թ. պատերազմի ընթացքում օգտագործեց հայերիս դեմ:

Քանի որ Իդլիբի դեէսկալացման գոտում ապօրինի զինված խմբավորումների կողմից մեծ հեռահարության ՀԿՌ համակարգերի օգտագործման մասին մինչ այժմ որևէ տեղեկություն չկար, կարելի է ենթադրել, որ նրանք այդ համակարգերը, որոնք առաջիկայում «Խմեյմիմ»-ի պաշտպանների և, ընդհանրապես, Սիրիայում ռուսական զինված ուժերի համար կարող են լուրջ գլխացավանք դառնալ, Թուրքիայից վերջերս են ստացել: Սա թերևս Թուրքիայի պատասխանն է 2020թ. պատերազմի ընթացքում հայկական կողմին Ռուսաստանի ռազմատեխնիկական աջակցության, որի շնորհիվ է նաև, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակն ամբողջությամբ չբավարարվեց:

Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կամ պաշտոնապես չհայտարարված սահմանափակ պատերազմը շարունակվում է: Դեռ դժվար է ասել, թե Ռուսաստանը «Խմեյմիմ»-ի վրա կատարված հարձակմանը կպատասխանի՞, և եթե այո, երբ և ինչպես… Հավանաբար կպատասխանի: Հիշենք, որ անցյալ աշնանը ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրեցին այդ երկրից գողացվող նավթի մի խոշոր պահեստարան, որն իրականում Թուրքիային էր պատկանում, նավթն այնտեղից փոխադրվում էր Թուրքիա: Այդ նավթապահեստարանն այնքան մեծ էր, որ դրա ոչնչացումից հետո նույնիսկ եղան կանխատեսումներ Թուրքիայում նավթի գների բարձրացման վերաբերյալ:

Թող սա չհամարվի հայերիս երազանքը, բայց բազմաթիվ փաստերի, իրողությունների վերլուծությունից բխում է այն եզրահանգումը, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ներկայիս լուռ, ոչ պաշտոնական հակամարտությունը, ոչ հեռավոր ապագայում վերածվելու է պաշտոնականի, նույնիսկ մեծամասշտաբ պատերազմի:

 

Արթուր Հովհաննիսյան