Պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում. ԲՀԿ-ի նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է առավելագույնս խստացնել պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը: Օրենքի նախագիծն ընդունվել է 109 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:

Նախագիծը հեղինակել են ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը:

Ըստ ԱԺ-ի՝ ԲՀԿ-ական փոխխոսնակի՝ թշնամու կողմն անցնելը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը, ինչպես նաև օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը և կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքագրելը, ինչպես նաև մի շարք այլ դեպքերը, այսինքն՝ պետական դավաճանության համար, պետք է սահմանվի ամենաբարձր պատիժը՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ:

Ըստ Էնֆիաջյանի՝ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ հանցանքն ամենածանրն է, հետևաբար ամենածանր հանցանքը պետք է ունենա ամենածանր պատիժը: