Ես տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից. ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ ստորագրված ևս մեկ փաստաթղթի առկայության մասին

Ես միայն տեղյակ եմ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր հայտարարության մասին էր խոսում ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը, նրա խոսքով, վերաբերում էր Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածին:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ տեղյակ չէ, նախարարն ասաց, որ այդ հարցին արդեն պատասխանեց՝ կրկնելով. «Ես ասացի՝ տեղյակ եմ միայն նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի հայտարարություններից»: Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ ԱԳ նախարարն է ու տեղյակ չէ այդ փաստաթղթի մասին, Արա Այվազյանն ասաց. «Արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի վերաբերյալ և պատասխանատու է այդ մասով, մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք»: