Կոնյակ արտահանողներին կվերադարձվի իրենց վճարած պետական տուրքը․ նոր որոշում

2020-ին Հայաստանից պահածոների և հյութերի արտահանումն աճել է 30 և 38 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ունենք նաև վատ ցուցանիշ, որ խաղողի գինիների և կոնյակի սպիրտի արտահանումը նվազել է 18 և 23 տոկոսներով: Պարզվեց, որ մեր շուկաներում այս ավանդական ապրանքատեսակների վաճառքներն ավելացել են, բայց արտահանումը նվազել է: Վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով պայմանավորված աճը տեղի է ունեցել օնլայն վաճառքների հաշվին: Մեր ընկերությունները օնլայն այդ հարթակներում պատշաճ ձևով ներկայացված չեն և այդ հարթակները բավարար չափով զարգացած չեն: Սա վկայում է նրա մասին, որ մենք ընդհանրապես աջակցության ծրագիր անունը պետք է փոխարինենք զարգացման ծրագրով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև հավելեց, որ այսօր որոշում է կայացվել կոնյակի սպիրտ արտահանողներին վերադարձնել պետական տուրքը: «Որպեսզի կարողանանք այս տարի խաղողի մթերում կազմակերպել, պետք է խթանենք, որպեսզի կոնյակի սպիրտը արտահանվի»: