Սկզբունքները պետք է անփոփոխ լինեն. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Եթե 10 տարի առաջ դատապարտելի էր ընդդիմախոսների վրա «գործեր սարքելը», ապա ինչո՞ւ հիմա դա պետք է ողջունելի լինի: Իմ վերաբերմունքը չի փոխվել նաև պետական կառույցների վրա հարձակման փաստերի, իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության և բռնության կոչերի հանդեպ:

2018 թվականին Ռադիոտան դուռը ջարդելը և բռնությամբ շենք ներխուժելը, իմ տեսանկյունից, դատապարտելի է, և, բացի դրանից, Քրեական օրենսգրքի հոդված է: Իշխանությունն այն ժամանակ սխալ էր վարվել, որ այդ հոդվածը չէր կիրառել: Եթե այսօր փողոցում բողոքի ակցիաներ անող որևէ խումբ նույն ձևով ներխուժի Ռադիոտուն, ապա ներկա իշխանությունը ճիշտ կանի, եթե օրենքով նախատեսված միջոցներով արձագանքի այդ խմբի գործողություններին: 2016 թվականի հուլիսին իրեն «Սասնա ծռեր» անվանող զինված խումբը հարձակվեց ոստիկանական գնդի վրա և երեք ոստիկանի մահվան պատճառ դարձավ:

Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, այն ժամանակվա իշխանություններին ատելով, փառաբանում էր բռնությունն ու մարդասպանությունը: Հիշենք, թեկուզ BBC-ի ռեպորտաժը Երևանի փողոցներից, որտեղ մարդիկ իրենց հիացմունքն էին արտահայտում այդ հանցագործության հանդեպ:

Չեմ կասկածում բրիտանացի լրագրողների անաչառության վրա՝ դա իսկապես մեծամասնության կարծիքն էր: Ես այդ մեծամասնության մեջ չէի: 2018 թվականի հեղափոխությունից հետո ներկա իշխանությունը, առաջնորդվելով իրեն հատուկ պոպուլիզմով, ազատ արձակեց «Սասնա ծռերի» մեծ մասին: Հիմա նույն խմբի ներկայացուցիչները դարձյալ բռնության փորձեր ու կոչեր են անում, իսկ որոշ իշխանավորներ երեսպաշտորեն բացականչում են՝ «ա՜խ, ինչպե՞ս կարելի է»:

Բայց անկախ բոլոր հանգամանքներից, ես դարձյալ պնդում եմ, որ կառավարության շենք ուժով ներխուժելու փորձ անողներին քրեորեն հետապնդելը ճիշտ է: Վարչապետի հանդեպ բռնության կոչեր անողների հանդեպ քրգործ հարուցելը նույնպես ճիշտ է: Ես ոչ այս, ոչ նախորդ, ոչ էլ Հայաստանի կամ աշխարհի որևէ իշխանության երկրպագուն չեմ: Իշխանությունը, իմ կարծիքով, բոլոր դեպքերում ինքնին տհաճ (բայց, ցավոք, անխուսափելի) երևույթ է: Խնդիրն այլ տեղ է. մենք պետք է կա՛մ ապրենք պետական օրենքներով, կա՛մ առաջնորդվենք հեղափոխական (կամ «ազգային») նպատակահարմարությամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: