Արցախի պատերազմից հետո հումորային ծրագրեր եմ նայում, որ ուշքի գամ. հեղափոխության երգիչ Հայկ Ստվեր. News.am

NEWS.am–ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի եղբոր՝ երաժիշտ Հայկ Ստվերի հետ, որը հանրությանը հայտնի է  Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» և «Ասում եմ՝ այո՛» հեղափոխական երգերի կատարմամբ։

Հայկ, այժմ ինչո՞վ եք զբաղվում։

Պատրաստվում եմ աշխատել Մալխաս Ջազ ակումբում։

– Պատերազմից ու պարտությունից հետո ինչպե՞ս եք փորձում մոտիվացվել և նոր ծրագրերի շուրջ աշխատել։

– Ինտերնետով ավելի շատ հումորային ծրագրեր եմ նայում, որ, այսպես ասած, ես էլ ուշքի գամ։

– Սեպտեմբերի  30–ին ֆեյսբուքում գրել էիք, որ գնացել եք զինկոմիսարիատ և պարզել, որ նվագախմբում ծառայածների կարիքը դեռ չկա: Պատերազմի հաջորդ ամիսներին Ձեր կարիքը եղա՞վ, կանչեցի՞ն  Ձեզ։

– Ոչ, չեն կանչել, բայց պատերազմի ժամանակ մի խումբ մարդկանց հետ գնում էինք Բալահովիտ և Սոթք և կամավորականների համար համերգ էինք տալիս։

– Մեկ տարի առաջ կատարեցիք Նիկոլ Փաշինյանի հեղինակած՝ սահմանադրական հանրաքվեին նվիրված՝ «Ասում եմ՝ այո՛» երգը ։ «Այո» ասելով հանրաքվեին, որն այդպես էլ չկայացավ, ժողովուրդն «այո»  պետք է ասեր «նոր Հայաստանին, երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ»։ Ըստ երգի բառերի՝ նոր Հայաստանում,  ժողովուրդը  հպարտ է, միացյալ:  Ի՞նչ եք կարծում, հիմա է՞լ է Հայաստանը հզոր կամ ինքնիշխան, իսկ ժողովուրդը՝ միացյալ և հպարտ։

–Երջանկությունը կամաց–կամաց հետ է գալիս։ Հասկանալի է, որ պարտությունից հետո ինչ–որ բաներ փոխվեցին, բայց հո էդպես չի մնալու։ Թեև իմ գործը չէ, բայց ես էլ եմ մտածում՝ ո՞նց անենք, որ մեր բանակը հզորանա, որ մենք էլ այդ ԱԹՍ–ներից արտադրենք։ Ցավոք սրտի, պետք է այդ ուղղությամբ բոլորս մտածենք, որպեսզի ունենաք հզոր բանակ։ Այսինքն՝ մենք չենք ունեցել այն հզոր բանակը, որի մասին մեզ երկար պատմել են։

– Ըստ Ձեզ, ո՞րն էր մեր պարտության պատճառը։

– Նախ, մեր լոպազությունը, որովհետև, եթե հիշում եք, անգամ պատերազմի ժամանակ, երբ ֆեյսբուք էիր մտնում, ամբողջ ֆեյսբուքը դա էր, մեկ էլ ցինիզմը։

– Օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյանը հաճախ էր օգտագործում «զգետնեցինք» արտահայտությունը, որն ամբողջ ֆեյսբուքում տարածում էին, մի՞թե դա լոպազություն էր։

– Չէ, դա ոգևորության համար էր, բացի այդ, ինձ թվում է, դա էդ մարդու աշխատանքն է, դե հո չի՞ ասելու՝ պարտվելու ենք։

– Այդ դեպքում, ըստ ձեզ, ո՞րն էր «լոպազությունը»։

– Ավելի շուտ մարդկանց ոչ լուրջ վերաբերվելը՝ «հեսա էս ենք անում, հեսա էն ենք անում»։ Ես մինչև հիմա էդպես էլ չգիտեմ, մենք էդ օդանավակայանը ռմբակոծեցի՞նք, թե՞ չէ։ Էդ լուրից հետո սկսեցին գրել՝ «կոֆեն խմեց՝ ռմբակոծվեց, բա որ հաց ուտի՝ ինչ կլինի», «հեսա որ մի հատ բորշչ ուտի, ինչ կլինի» ոճի խոսակցություններ, այսինքն ամբողջ հայությունը էդ  դաժան օրերին, ինչ–որ կատակներ էր անում, ինչն ինձ համար շատ անհասկանալի էր։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։