Ձեզ ԵՊՀ ռեկտոր չընտրեցին, «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք գրպանային ռեկտորներ ունենալ (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստում  ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծին՝ նշեց. «Նախորդ իշխանությունները բուհ բերեցին մի կառավարման խորհրդի նախագահ, որը կարող էր համալսարանում օրակարգ թելադրել, ռեկտոր ու պրոռեկտոր նշանակել։ Հիմա ինչ է ստացվում, մենք մի բդեշխին ուզում եք փոխարինել մեկ այլ բդեշխով։ Կարծում եմ՝ հետհեղափոխական Հայաստանում այս սկզբունքները պետք է իսպառ բացակայեն։ Այն, որ այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր նշանակել որևէ մեկին չհաջողվեց, այդ թվում՝ Ձեզ, պարոն նախարար, թեև կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսևորեց։ Դուք «վշտից» նախարար դարձաք ու հիմա ուզում եք գրպանային ռեկտորներ ունենալ»:

Օրենքի նախագծով նախատեսվում է կրճատել կառավարման խորհրդի կազմը, 12-ից այն դարձնել 9։ Նշվում է, որ 9-ից 5-ը գործադիր մարմնի ներկայացուցիչներ են լինելու, 4-ը՝ բուհի։ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համաձայն՝ Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը: Այսինքն, նախարարի կողմից ներկայացված նախագծի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը, քանի որ սահմանափակում են բուհի ինքնակառավարման իրավունքը։

Նախագծից ենթադրվում է, որ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։

Մանրամասները՝ տեսանյութում