Աշոցքի ոստիկանապետ Ա․ Ղազարյանը պատերազմի օրերին անհետացել է Ստեփանակերտի հիվանդանոցից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Գրիգոր Եղոյանը

Գրիգոր Եղոյանը Աշոցքի ոստիկանապետ Արմեն Ղազարյանի կնոջ հայրն է, որն արդեն հինգ ամիս է՝ փնտրում է դստեր ամուսնուն։

Գրիգոր Եղոյանի խոսքով, իր փեսան հոկտեմբերի 4-ի այդ չարաբաստիկ օրը, երբ թշնամին ռմբակոծեց Շուշիի մշակույթի տունը, գտնվել է Շուշիում՝ պայթյունի թեժ կետում, սակայն նա հրաշքով ողջ է մնացել՝ ձեռքի հատվածում թեթև վիրավորում ստանալով։ Ականատեսները փաստել են, որ ինքն իր ոտքով գնացել-նստել է շտապօգնության ավտոմեքենան և տեղափոխվել Շուշիի հոսպիտալ, այնուհետև՝ Ստեփանակերտի։

Այդ օրերին նա ընտանիքի անդամների հետ չի կարողացել կապ հաստատել, սակայն ականատեսների խոսքով՝ նա ողջ առողջ է եղել։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գրիգոր Եղոյանը, նրա փեսան Ստեփանակերտի հոսպիտալից անհայտ հանգամանքերում անհետանում է և մինչև այժմ ոչ մի տեղեկություն նրա մասին չունեն։

Գրիգոր Եղոյանը բազմաթիվ անգամներ այցելել է Ստեփանակերտ, հանդիպել բուժաշխատողների և շտապօգնության վարորդների հետ, ականատեսները նույն բանն են փաստել՝ նա ողջ առողջ է եղել, անգամ Փաշինյանի հետ է հանդիպում ունեցել և նշել, որ այսօր ոչ մի կառույց չի աշխատում, երկիրն անտերության է մատնված։

Անհետ կորած կամ ռազմագերի լինելու փաստը Գրիգոր Եղոյանը գրեթե բացառեց։

Մեր զրուցակիցը համոզված է, որ իր փեսան ողջ է, և վաղ թե ուշ վերադառնալու է իր ընտանիք. նա դրա համար պայքարելու է մինչև վերջ։

Մանրամասները՝ տեսանյութում