Փաշինյանի «բարձր» վարկանիշի վկայությունները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանը

Մինչև երկիրը, հանրությունը զբաղված է պատերազմի հազարավոր զոհերով, վիրավորներով ու գերեվարվածներով, դեռ դուրս չի եկել հետպատերազմյան ցնցումներից և կանգնած է պետականություն կորցնելու, ոչնչանալու վտանգի առաջ, դավաճան իշխանությունները լծվել են կյանքի կոչելու իրենց ապազգային ծրագրերը, որոնք մինչև պատերազմի սկսվելը հասարակական դիմադրության էին արժանանում։ ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում հաստատվեց Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Այս չափորոշիչներն էին, որ մասնագետների բուռն քննադատությանն էին արժանացել՝ մերժվելով ամբողջապես։ Եվ ակնհայտ է, որ այս իշխանությունները դեռ ավարտին չեն հասցել իրենց առաքելությունը՝ իրականացնելու անգլոսաքսոնական ու թուրք տերերի ցանկությունները մեզ պարտադրելու առաքելությունը, և այժմ հետևողականորեն լծվել են այդ գործին։ Սերժ Սրապիոնյանն արդարացիորեն նկատեց, որ այդ փոփոխությունները կնպաստեն նաև ավելի տգետ, ոչ բանիմաց, վերահսկվող սերունդ ունենալուն։

Իշխանությունների կողմից նախաձեռնված ևս մեկ քայլ՝ բուհերում վարձավճարների վրա ԱԱՀ ավելացնելու միջոցով՝ այդ վճարները թանկացնելն իր հերթին կնպաստի կրթությունից զրկված սերունդ ունենալուն։

Խոսեցինք դպրոցների տնօրենների պաշտոններին յուրայինների նշանակելու իշխանական ցայտնոտային քայլերի մասին՝ անդրադառնալով նաև ՀՀ նախկին վարչապետ, այսօր հայ-ռուսական համալսարանի դեկան Արմեն Դարբինյանին պաշտոնից զրկելու փորձերին։

Ինչո՞ւ իշխանությունները՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, հրաժարվեցին արտահերթ ընտրություններից, ի՞նչ հետին նպատակներ էին հետապնդում ընտրություններին մասնակցելու մասին նրանց հայտարարությունները։ Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ «իրենց քայլը» այսօր էլ դեռ բարձր վարկանիշ ունի հանրության շրջանում, այդ դեպքում տրամաբանական հարց է հնչում՝ ինչո՞ւ չեք ուզում ընտրությունների միջոցով ևս մեկ անգամ փաստել այն բարձր վարկանիշը, որի մասին չհիմնավորված հայտարարություններ են արվում ԱԺ և կառավարության ամբիոններից, լրագրողների հետ հարցազրույցների ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում