Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել, վստահ եղեք, որ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն՝ այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է. Աղվան Վարդանյան

Ռոբերտ Քոչարյանը կյանքում երբեք ոչինչ կիսատ չի թողել, վստահ եղեք, որ եթե ինքը մտել է պայքարի մեջ, ուրեմն՝ այդ պայքարը հաջողությամբ ավարտվելու է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառանոլով ՀՀ երկրորդ նախագահի՝ քաղաքականություն վերադառնալու և ԱԺ ընտրություններում հաղթելու մասին հայտարարությանը։

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է՝ Քոչարյանը միայն մի բան ունի կրելու՝ պատասխանատվություն, Վարդանյանն արձագանքեց․ «Պատասխանատվություն, իրավական պատիժ կրելու է այս իշխանությունը այն կործանանար հետևանքների համար, որ ունեցել է մեր պետականությունը, երկիրը, Արցախը»։

Ապա նշեց, որ այսօրվա իշխանության մեջ, կառավարության կազմում բազմաթիվ են «նախկինները»։ «Եթե նայեք այսօրվա իշխանության կազմը, հատկապես վերջին ամիսներին համալրված կազմը, որոնց ես անվանում եմ «բեսպիլոտնիկներ», մեջները մարդ չկա, բայց վնաս են տալիս, կտեսնեք, որ բազմաթիվ ոլորտներում մարդիկ են գալիս պաշտոնի, որոնք չափից դուրս նախկին են»,-ասաց Վարդանյանը։

Հարցին, թե երբ 2,5 տարի առաջ դուրս եկավ ՀՅԴ-ից և հայտարարեց, որ չի ընտրելու Փաշինյանին, քանի որ արյուն է տեսնում, արդյո՞ք նկատի է ունեցել Արցախի պարտությունը, Վարդանյանն արձագանքեց՝ այո։

Դիտարկմանը, թե իշխանությունը պնդում է, որ նախկիններից է ժառանգություն ստացել արցախյան խնդիրը, և անխուսափելի էր պարտությունը, Վարդանյանն արձագանքեց՝ դա հերթական սուտն ու մանիպուլյացիան է։ «Նախկինների՝ առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք մենք կարողացել ենք ազատագրել Արցախը, ունենալ ուժեղ բանակ, 2,5 տարին բավական էր այս ձախողվածների, անկարողների, անհայրենիքների համար, որ քանդեին ամբողջ ունեցածը։ Եղել են թերություններ, բայց ինչ արել են սրանք, թերություններ չեն»,-ասաց նա։

Ըստ Վարդանյանի՝ իշխանությանը հեռացնելու համար լինելու է համախմբում․ «Դավաճաններին դավաճանելը դավաճանություն չէ, ընդհակառակը՝ դավաճանի կողքին կանգնելն է դավաճանություն։ Հետագա դատավարությունը ցույց կտա՝ իրավական առումով դավաճանություն եղե՞լ է, թե չի եղել, բայց այս ողբերգությունից հետո, այս երեք ամիսների ընթացքում կառչել աթոռից և հրաժարական չտալ, բունկերներում թաքնվել, պատսպարվել ուժային կառույցների հետևում, արդեն դավաճանություն է ՀՀ-ի և մեր պետականության հանդեպ»,-ասաց նա։